Օզոնային շերտի պահպանման համաշխարհային օր

15 Սեպ 2020

Օզոնային շերտի պահպանման համաշխարհային օր

1994 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան սեպտեմբերի 16-ը հռչակեց Օզոնային շերտի պահպանության միջազգային օր։ Անտարկտիդայում բրիտանացի գիտնականների օզոնային շերտի սաստիկ քայքայման վերաբերյալ  արբանյակային հետազոտությունը հաստատեց գիտնականների եզրակացությունը: Արդյունքում 1985թ-ին ընդունվել է «Օզոնային շերտի պահպանման մասին» Վիեննայի կոնվենցիան, իսկ հետագայում 1987թ «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրությունը։

Օզոնային շերտը, (գտնվում է ծովի մակերևույթից 2000 մ բարձրության վրա), որը կազմում է մթնոլորտի խտության մեկ տասը հազարերորդական մասը` անգնահատելի և պաշտպանիչ նշանակություն ունի կենսոլորտի համար: Այն կլանում է արևից դեպի Երկիր եկող ուլտրամանուշակագույն վտանգավոր ճառագայթների զգալի մասը` վահանի նման հիվանդություններից պաշտպանելով մարդկանց, կենդանիներին և բույսերին: Մթնոլորտ արտանետվող քայքայիչ քիմիական նյութերը, որոնք նվազեցնում են օզոնային շերտն ու ավելացնում վտանգավոր ճառագայթումները`առաջացնում են մաշկի քաղցկեղ, աչքի ցանցաթաղանթի վնասում, կատարակտ, վարակիչ հիվանություններ` կրճատելով նաև բույսերի բերքատվությունը:

Վերջին տասնամյակների ընթացքում երկրագնդի օզոնային թաղանթում հայտնաբերվել են անցքեր, հատկապես՝ Հարավային բևեռի շրջանում։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցության տակ սոսիներն աճում են 2 անգամ դանդաղ, իսկ դա իր հերթին խախտում է բնական էկոհամակարգերի հավասարակշռությունը։

Ամեն տարի օզոնային շերտի նվազման հետևանքով պակասում է Անտարկտիդայի պլանկտոնը, որից տուժում են ծովաբնակ կենդանիները։ Նախ նվազում են նրանց կերային պաշարները, և բացի դրանից, ծանծաղուտներում բնակվող ձկների և մալյուսկների թրթուռները շատ զգայուն են ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության նկատմամբ, ինչը հանգեցնում է դրանց զանգվածային ոչնչացմանը։

Հայաստանը լեռնային երկիր է և նրա տարածքի զգալի մասը գտնվում է բնական բարձր ուլտրամանուշակագույն ճառագայթման պայմաններում։ Այս առումով օզոնային շերտի փոփոխությունները առանձնահատուկ նշանակություն ունեն Հայաստանի բնակչության, բուսական և կենդանական աշխարհի համար։

Դեռևս անցած դարի 70-ական թվականներից գիտնականներն ահազանգում էին, որ որոշ քիմիական նյութեր` ֆրեոնները (օգտագործվում են սառնարաններում, օդորակիչներում), հալոնները (օգտագործվում են կրակմարիչներում), միթիլ բրոմիդը (օգտագործվում է գյուղատնտեսության մեջ), քայքայում են օզոնային շերտը:

Այսօր օզոնային շերտը կրկին գտնվում է այն վիճակում, ինչ 60-70-ական թթ-ին և վերականգնվելու համար կպահանջվի 40-50 տարի: Օզոնային շերտը քայքայող նյութերի արտանետումները հիմնականում լինում են զարգացած, հզոր տնտեսություն ունեցող երկրներից: Իսկ Հայաստանի մասնակցությունը սկզբունքային նշանակություն ունի, քանի որ, այս խնդիրը վերաբերում է բոլորին:

Օզոնի շերտի վիճակի ուսումնասիրությունները հանրապետությունում իրականացվում են դեռևս 2000թ-ից: Այդ նպատակով Գերմանիայի «Մետեո Սերվիս» կազմակերպությունը Հայաստանին տրամադրել է Դոբսոնի սպեկտրոֆոտոմետր սարքը, որի միջոցով պարբերական չափումներ են կատարվում Երևանում (ծովի մակերևույթից 1113 մ բարձրության վրա), Սևանա լճի (1927 մ) և Արագած լեռան հարավային լանջի (2070 մ եւ 3200 մ) տարածքներում: Սարքավորման միջոցով կատարված աշխատանքները, որոնք ստացել են միջազգային ճանաչում, հնարավորություն են տվել Հայաստանին միանալու նաև Օզոնային շերտի մոնիտորինգի համաշխարհային ցանցին` ներկայացնելով իր գրանցած ուլտրամանուշակագույն ճառագայթման տվյալները: Եթե մինչև 1988թ Հայասատան էին ներկրվում շուրջ 2500 տոննա օզոնաքայքայիչ նյութեր, ապա ներկայումս դրանց քանակը չի գերազանցում 100-150 տոննան: Հարկ է նշել, որ Հայաստանը երբեք չի արտադրել օզոնային շերտը քայքայող նյութեր, այլ միայն եղել է ներմուծողի ու օգտագործողի դերում:

Հատկանշական է, որ օզոնային շերտի հետ կապված խնդիրներն ավելի վտանգավոր են մեզ համար, քան ցածրադիր գոտիների համար: Մեր միջին բարձրությունը 1800մ է, դա բավականին շատ է, և մենք գտնվում ենք խոցելի վիճակում:

Օզոնային շերտի քայքայումը գլոբալ էկոլոգիական խնդիր է։ Օզոնային շերտը ունի բացառիկ նշանակություն Երկրի կենսոլորտի համար և այս  շերտի պաշտպանությունը համամարդկային խնդիր է, ուստի համարվում է առաջնային բոլոր երկրների համար: 

Civil Voice

Հասարակական ձայնը միասին դարձնենք գործոն