Հայաստանի թռչնաշխարհի համառոտ բնութագիրը․ Մաս 4

02 Սեպ 2020

Հայաստանի թռչնաշխարհի համառոտ  բնութագիրը․ Մաս 4

Այսօր անապատացման վտանգ է սպառնում Արագած լեռան հարավ-արևելյան, դեպի ԳԱԱ ֆիզիկայի ինստիտուտի տանող խճուղու հարևանությամբ տանող 2-3 ձորերի լանջերին։ Հանցավոր այս գործողության հեղինակներն են տեղի անասնապահները, որոնք դաշտում ու ժամանակավոր կացարաններում՝ տաքություն ու կրակ ունենալու համար արմաատախիլ են անում փռվող գիհու թփուտները, այս վայրերում բնահողն ամրացնող միակ ծառաթուփը։ Գիհու այս տեսակի ոչնչացումն իր հետ բերում է տարածքի անխուսափելի էրոզիայի և հարյուրավոր տեսակի թռչունների և այլ կենդանիների անհետացմանը, տեղանքի մոլախոտացմանը և անապատացմանը։

Զավթելով ցանկացած թռչնատեսակի բնակատեղին ու վերափոխելով այն ցանքատարածությունների, բանջարանոցների, պտղատու այգիների՝ մենք ինքնաբերաբար այստեղ աապրող թռչնատեսակներին զրկում ենք առաջնային ապրելատեղերից ու մղում սնվելու հենց այդ տարածքների կուլտուրական  տեսակների բերքով՝ որոշակի վնաս պաատճառելով տնտեսություններին։ Դրա հետևանքով թռչունների նման տեսակներին որակավորում ենք, որպես վնասատուներ ու սկսում դրանց դեմ պայքարը։ Բնական անխաթար միջավայրում չկան վնասատու և օգտակար տեսակներ, գոյություն ունի տեսակների ներդաշնակ զարգացում՝ ամրապնդված մրցակցության հանրահայտ օրենքով։

Բերենք մի օրինակ, 2000թ-ին «Թռչնասերների կենտրոն» ահազանգում են այն մասին, որ անհայտ թռչունների մեծ երամներ ոչնչացրել են վերին Արտաշատի 26հա վաղահաս խաղողի բերքը։ Պարզվում է, որ խաղողի այգին տեղադրված է եղել վարդագույն սարյակի բնադրագաղութի մոտակայքում, որի հետևանքով էլ նոր թև առած երիտասարդ թռչուններից բաղկացած հսկայական երամները, օգտվելով առիթից, ոչնչացրել են իրենցից ոչ հեռու տարածքում գտնվող խաղողի բերքը։ Ա․ Խոյեցյանի տվյալներով, աշխարհի անապատացման պատճառներից 16%-ը ունի մարդկային ծագում։

Այս փաստի նման մեկնաբանումը շրջակա միջավայրի անտեսման ու անգիտության հետևանք է։ Սովորաբար, վարդագույն սարյակները աշխարհում հայտնի են որպես վնասատու մորեխների ոչնչացողներ։

Յուրաքանչյուր անգամ, երբ հարց է առաջանում լուծել այս կամ այն տեսակի կենդանու խնդիրը առաջին հերթին կարևոր է հիշել, որ այն մեր շրջապատի կենսաբանական շղթայի օղակներից մեկը, և արդյո՞ք մեր գիտելիքները բավարար են նրա նկատմամբ վնասատուի մեղադրանք ներկայացնել            ՝ ոչնչացման որոշում կայացնելու համար։ Նման դեպքերում հարցի հապշտապ լուծումը, ինչպես այդ արվել է բազմաթիվ երկրներում, նաև Հայաստանում, անտարակույս կանգնեցրել է անշտկելի սխալի առջև։ Կիսաանապատների և չոր լեռնատափաստանների մեծ ծավալներով յուրացումը մեր հանրապետությունում՝ Գեղանի արոսի անհետացման պատճառ դարձավ։ Սևանա լճի ջրերի մակարդակի անկման հետևանքով կորցրեցինք Տուրպան բադի միակ բնադրագաղութը։ Այսօր բազմաթիվ կոչեր են հնչում հանրապետութունում գայլերի ոչնչացման մասին։ Հարց է առաջանում,  արդյո՞ք  գայլի լինել չլինելու հարցը,  որոշում են մի քանի հովիվների պնդումներով կամ այլ լուրերով։ Գայլի և նրա կարգավիճակի բազմաթիվ տեսակների ճակատագիրը մեր ձեռքում է,  մեր ձեռքում է նաև հրազենի մեկ հարվածով լուծելու այդ խնդիրը, սակայն ճիշտ կլինի՞ արդյոք՝ դատեք ինքներդ։ Թռչունների պաշտպանության առաջնային խնդիրն է  նրանց միջվայրի անխաթար պահելը։ Թռչնի կամ այլ կենդանու գործողությունը ճանաչել, որպես վնասակար, դեռ իրավունք  չի տալիս նրա նկատմամբ վերջնական ոչնչացման որոշում կայացնելը։ Նման դեպքերում կարելի է հասնել ցանկալի արդյունքի՝ գիշատչի թվաքանակի որոշակի չափով կրճատման միջոցով՝ կանխելով վտանգը։ Ելնելով հանրապետության թռչնաշխարհի արդի վիճակից, նաև տարածքի սահմանափակ լինելու փաստից, յուրաքանչյուր փոքր, թե մեծ տարածք իր ամբողջականության մեջ կարիք ունի պաշտպանության, հատկապես, այն դեպքերում, երբ առավել արժեքավոր է նրա բուսակենդանական համակարգը՝ հազվագյուտ և անհետացող տեսակներով։

Դ․ Ակիմուշկինը տարիներ առաջ անհանգստությամբ գրում է, այն մասին, որ մարդկությունը շուտով 600 տեսակի կենդանիների ոչնչացման ականատեսը կլինի։ Հեղինակը, որպես այս փաստը հաստատող ԱՄՆ-ում  թափառող աղավնու ողբերգական ոչնչացման օրինակն է վկայակոչում։ Նահանգներում այս թռչնի երամները չուի ընթացքում՝ համաձայն թռչնաբան Վիլսոնի հաշվարկների, կազմված են եղել 2․230․272․000 անհատներից, որոնք թռիչքի ընթացքում 4 ժամ շարունակ ծածկել են արևի լույսը։ Ընդհամենը 2 տասնյակ տարիների ընթացքում ԱՄՆ-ում բոլոր հնարավոր միջոցներով՝ հրազենով,  հրանոթով ու մահակներով, արատավոր բիզնեսի առաջնորդությամբ հաջողվեց իսպառ բնաջնջել  առասպելական թիվ կազմող թռչունի երամները։ Թափառող աղավնու «Մարտի ութ» անունով  վերջին անհատը մահացավ 1914թ․ սեպտեմբերին․ Սինցինատի քաղաքում, անազատ պայմաններում։ Որպես եզրակացություն, հեղինակը բացահաայտում է, որ աղավնու այս տեսակի ոչնչացման պատճառը ոչ թե տարերային աղետներն են, այլ ավելի սարսափելի, որի անունն է բիզնես։

Նման տեսակների պաշտպանությունը ապահով կլինի, եթե արգելոցի կամ արգելավայրի կարգավիճակ տրվի ցանկացած տարածքի՝ անկախ նրա պատկանելիությունից ու չափերից՝ պաշտպանության պատասխանատվությունը հանձնելով տարածքի տիրոջը։

Այս տեսակետից արգելոցի կարգավիճակ ստանալու խիստ կարիք ունեն Արփի լճի կղզիները Հայկական որորի  15․000 զույգ և գանգրափետուր հավալուսնի 6 զույգ թռչուններից բաղկացած բնադրագաղութները, Արդենիս գյուղի համանուն լճի 5-7 զույգ մոխրագույն սուզակների, Արմաշի ձկնաբուծական տնտեսության  սահմաններում բնադրող 15 տեսակների (կանաչ մեղվակեր, մարմարյա մրտիմն, թոքր ձկնկուլի, սպիտակագլուխ, սպիտակաաչք բադերի, սուլթանական հավի) միակ բնադրավայրերը Հայաստանում։ Նման «մինի-արգելոցների» արգելավայրերի կարիքը ունեն շատ ավելի բուսակենդանական տեսակներ, որոնց հովանավորությունը տիրոջ իրավունքով կարող են ստանձնել առանձին անհատներ, գյուղերի համայնքներ, մարզեր, քաղաքապետարաններ, պետական և ոչ հասարակական կազմակերպություններ։ Դրանք կենդանական ծագման գանձեր են, որոնց գոյությունը պայմանավորված է գենոֆոնդի պաշտպանությամբ։ Համոզված ենք, որ մարդն ունակ է ստեղծելու ամենակատարյալը (տիեզերանավեր, համակարգիչներ, զենքեր ու զինամթերք), սակայն չպետք է սպասենք դինոզավրերի ու մամոնտների վերակենդանացմանը, թույլ չտալու դրանց ճակատագրին արժանանալու 6տ փղի և աննշան ընդամենը 7գ  եղնջաթռչնակի անհետացմանը, քանզի նույն ջանքերն ու միջոցներն են անհրաժեշտ ներդնել թ՛ե մեկի, թ՛ե մյուսի վերականգնման համար։

Չնայած ստեղծված ծանր իրավիճակին, Հայաստանի թռչնաշխարհը իր ամբողջության մեջ մնում է բազմազան, յուրովի հետաքրքիր ու հայցում է ողջամիտ մարդկանց աջակցությունը։

                                                                                 Հեղինակ՝ Ս․ Ադամյան 

Civil Voice

Հասարակական ձայնը միասին դարձնենք գործոն