Հայաստանի թռչնաշխարհի համառոտ բնութագիրը․ Մաս 3

11 Օգս 2020

Հայաստանի թռչնաշխարհի համառոտ  բնութագիրը․ Մաս 3

Թռչուններից շատերը հարմարվելով մարդու հարևանությամբ ապրելուն, կամ կեր հայթայթելու նպատակով, կենտրոնանալով ցանքատարածությունների հարևանությամբ ձկնաբուծական լճակներում և այլուր, կարող են տանել սպասվող բերքի մի մասը՝ հանդիսանալով նաև հիվանդությունների տարածողներ։ Քաղաքաբնակ թռչունների (թխակապույտ աղավնի, սովորական ճայ, ագռավ) արտաթորանքը ճարտարապետական կառույցների ու արվեստի ուրույն  ստեղծագործությունների արձանների ու որմնակարների վրա թողնում են վնասվածքների անջնջելի հետքեր` քայքայելով մետաղը ու քարը։

Անդրադառնալով այս խնդրին՝ փորձենք ավելի հանգամանորեն ներկայացնել ագռավների ու կաչաղակների քանակական աճի պատճառները քաղաքներում ու դրանց վնասակար հետևանքները։ Երևան քաղաքի փողոցներում, այգիներում, քաղաքամերձ կանաչ գոտում, բաց սրճարանների, սննդի կետերի, շուկաների և աղբարկղերի, այս ու այն կողմ կուտակված աղբակույտների շրջապատում անարգել  թափառող թռչունները՝ առողջապահական տեսակետից զգալի վտանգ են ներկայացնում, կապված մայրաքաղաքի սանիտարական ծայրաստիճան անմխիթար վիճակի հետ։ Վերջերս նամակներով ու հեռախոսային զանգերով մեզ են դիմել մայրաքաղաքի մի շարք բնակիչներ՝ խնդրելով պարզաբանելու մոխրագույն ագռավի անհանգիստ վարքի դրսևորումների ու հարձակումների պատճառը՝ երեխաների, ինչպես նաև մեծահասակների վրա։

Թռչունների բազում տեսակների շարքում ագռավանմանները, նաև թխակապույտ աղավնին, ճնճղուկը, որպես մարդու հարևանությամբ ապրողներ, հայտնի են դեռ վաղեմի ժամանակներից, նաև միջնադարյան հայ մատենագրական աղբյուրներից։ Հարմարելով մարդու կենցաղին՝ այս թռչունները քաղաքներում ու գյուղերում բներ են հյուսում ամենուր՝ ծառերի ճյուղերն ու խիտ սաղարթներում, բացիթողի արված շինարարական կռունկների, էլեկտրասյուների անմատչելի հատվածներում, շենքերի տանիքներին։ Ագռավների ու կաչաղակների յուրաքաչյուր բազմացող զույգ դնում է 3-7 ձու, ձվերը կանաչակապտավուն են՝ պտավորված գորշ, սև բծերով։ Բազմացման շրջանն ընդգրկում է ապրիլ-հուլիս ամիսները։ Արդեն հունիս ամսին կարելի է հանդիպել ոչ լիարժեք թռչող ձագերի։ Ձագերի բնում և բնից դուրս խնամքի շրջանում  ծնողները, վտանգի դեպքում, կարող են մարդու վրա հարձակման փորձ կատարել՝ հարվածելով թևի ծայրով, իսկ առանձին դեպքերում նաև կտուցով թեթև վնասվածք հասցնելով մարդուն։ Մայր ագռավը, պաշտպանական նպատակով նույն կերպ հարձակման փորձ կարող է կատարել բանից անտեղյակ ցանկացած մարդու կամ կենդանու վրա, որը գտնվում է ձագի թաքստոցի մոտակայքում։ Ագռավների բազմացման շրջանում դրսևորվող  ագրեսիվ այս վարքը աստիճանաբար մարում է, երբ ձագերը լիարժեք տիրապետում են թռչելու արվեստին՝ հուլիսի վերջին, օգոստոսի սկզբին։ Այս թռչունները մշտապես նկատելի աճող քանակությամբ բնադրել ու բազմացել են հանրապետության բոլոր բնակավայրերում ՝ընդհուպ մինչև առանձին անհատների բակերում։

Այլ բան է կաչաղակների թափանցումը քաղաքատիպ վայրեր։ Երևան քաղաքում դրանք  հայտնվել են սկսած 1970-ական թվականներից, սկզբում կապված կանաչապատման հետ, հետագայում նաև աղբի և բաց աղբանոցների լայնատարած տիրույթի հետ։ Կաչաղակներն ու ագռավները ամենակեր թռչուններ են։  Հիշեցնենք, որ դրանց համար, որպես կեր են ծառայում, ոչ միայն մարդու սննդի մնացորդները, այլև քաղաքում ապրող թռչունների (մանգաղաթև, փոքր տատրակ, սև կեռնեխ,կարմրակատար, ճնճղուկ) ձվերը, ձագերը և հասուն անհատները։ Անժխտելի է նաև այն փաստը, որ քաղաքաբնակ թռչունները (կաչաղակը, ագռավը) սնվելով աղբում եղած կերի մնացորդներով, որպես սանիտարներ, օգնում են աղբը վնասազերծելու գործին։ Սակայն չպետք է մոռանալ, որ դրանք այդ ընթացքում ոտքերի ու կտուցի վրա են կրում բազմաթիվ մանրեներ և ճիճվային հիվանդությունների հարուցիչներ՝ վարակելով շրջապատը մարդկանց ու կենդանիներին։ Նշենք, որ Կոխի թոքախտ հիվանդության ցուպիկն ընդհանուր է մարդու և թռչունների համար։ Շրջապատի նման աղտոտումը պահանջում է մեծ ներդրումներ։ Միջոցառումների  բացակայության դեպքում, դրանք մնում են աննկատ, խիստ պայթյունավտանգ, որպես քողարկված վարակի մասսայական աղբյուր, հատկապես բաց աղբանոցների պայմաններում, որտեղ նկատվում են թռչունների զգալի կուտակումներ։ Հանրապետության խորհրդարանի և դրան հարակից զբոսայգու ծառերին այսօր էլ ձմռանն օրերին իրենց գիշերելու հանգրվանն են գտել մի քանի հազարից ավելի մոխրագույն ագռավներ, սերմնաքաղի և սովորական ն ճայի երամները։ Մեր այս մտահոգությունը ոչ թե ահազանգ է, այլ պարզապես մոռացված խնդրի կրկնակի հիշեցում։

Սևանա լճի ջրերից ազատված հողատարածքների գյուղատնտեսական նպատակներով օգտագործելու արատավոր գաղափարն, անշուշտ, Սևանի ողջ ավազանին վերաբերվող այլակերպում էր, որը հանգեցրեց միջավայրի Էկոհամակարգի կենտրոնական օղակի փլուզման, լճի ջրերից ազատված տարածքների անապատացմանը, բուսակենդանական համակարգի ջլատմանն ու կորստին։ Այդպես եղավ նաև Սևանի հարավ-արևելյան հատվածում Գիլի լճի չորացման գաղափարի իրականացումից հետո, որը ծանր բացասական  հետևանքներ թողեց ջրային և ցամաքային տարածքների որակական հատկանիշների վրա։ Անցած տարիների ընթացքում, կորցրեցին ոչ միայն ջուրը, այլ նաև բարձր բերքատվության ցանքատարածություններ ստանալու բաղձալի երազանքը, որի փոխարեն աղբն ու կեղտը նվաճեցին Սևանի գլոբալ ջրերը։ 1960-ական թվականներին Գիլլի լիճը իսպառ չորացված էր։ Կենդանիների ու բույսերի հարյուրավոր տեսականեր գրանցվեցին կարմիր գրքում, անհետացման կամ հազվագյուտ  կարգավիճակ ստացան տասնյակ տեսակներ՝ մեծ ձկնկուլը, որի գլխի համար, որպես վնասատուի, այն ժամանակ վճարում էին մեկ ռուբլի, այսօր գրանցված է հանրապետության կարմիր գրքում։

Թռչունների բնադրող տեսակներից նույնիսկ այնպիսիք, ինչպիսիք սովորական էին այս վայրերի համար (տուրպամ, հայկական որոր, փոքր և մեծ սուզակներ) կամ իսպառ մոռացնան Գիլլին, որպես բնադրավայր, կամ կրճատվեցին թվաքանակով՝ դառնալով վտանգված տեսակներ։

Լանդշաֆտների քայքայումը, կարծր ապարների արագընթաց մերկացումը հանգեցնում են կենսամիջավայրի բազմազանության աստիճանական կրճատմանը։ 

Civil Voice

Հասարակական ձայնը միասին դարձնենք գործոն