Հայաստանի թռչնաշխարհի համառոտ բնաութագիրը. Մաս 2

03 Օգս 2020

Հայաստանի թռչնաշխարհի համառոտ  բնաութագիրը. Մաս 2

Դիլիջանի նախկին  արգելոցի, այժմ ազգային պարկի հիմնախնդիրն է էկոհամակարգի պաշտպանությունը, Շիկահողի արգելոցինը՝ սոսու ռելիկտային անտառների, իսկ Էրեբունի արգելոցինը` կիսաանապատների բաց տարածությունների համակարգում վայրի ցորենի պաշտպանությունը և այդպես շարունակ։ Սևանի ազգային պարկը հատուկ պահպանվող տարածքների շարքում իր յուրովի խնդիրներն ունի, տարածքի մեջ են ներառված մի քանի արգելոցներ, ուղղված իշխանի ու ջրաճահճային թռչունների պահպանությանը։ Անշուշտ, վերը նշված արգելոցների ու ազգային պարկերի տարածքներում պաշտպանության իրենց բաժինն ունեն դրանցից յուրաքանչյուրին բնորոշ թռչնաշխարհի տեսակները։ Լայն ծավալներով տարածվող այս  «հիվանդությունը» վտանգում է մեր ազգային հարստությունը։ Նման վտանգը կանխելու առաջին նախապայմանը հսկողության ուժեղացումն է ՝ վերջ տալու շուկաներում թռչունների անօրինական վաճառքին։ Այստեղ թռչուն վաճառողներից և ոչ մեկը չունի Շրջակա միջավայրի նախարարության  կողմից թռչուն բռնելու իրավունքը և վաճառքը թույլատրող այլ փաստաթղթերը։ Վաճառվում են ճնճղուկանմաններից մինչև խոշոր տեսակները։ Բիզնեսի մոլուցքով տարված «թռչնասերները» անարգել քանդում են թռչունների բները, հափշտակում ձվերն ու ձագերը, անսերունդ թողնում այնպիսի տեսակների, որոնք ընդունակ են բազմանալու  միայն կյանքի 5-7 տարում։ Նման պարագայում փետրավորների այս տեսակները արդյոք կկարողանա՞ն դիմակայել, այն էլ յուրաքանչյուր տարին մեկ ձու դնելու միջոցով։ Ի՞նչ է սա,-հրճվանք, բավականություն, թ՞ե սադիզմ։

Մարդկային հասարակության դարավոր փորձի, բնական երևույթների երկար տարիների ուսումնասիրությունների արդյունքում ձեռք բերված գիտական և ոչ գիտական նյութերը վկայում են փետրավորների դեռ վաղեմի ժամանակներից (Տեր-Պողոսյան, 1960) մինչև մեր օրերը մարդկության զարգացման ոլորտներում մատուցած ծառայությունների մասին՝ կենցաղից մինչև պետական ու միջպետական հարաբերությունների, իրավա-բնապահպանական օրենքների ձևավորումը։

Թռչունները մեր շրջապատում գեղագիտական, ճանաչողական և ուսուցողական գաղափարների այն կրողներն ու մատուցողներն են, որոնց անփոխարինելի ծառայություններից՝ երգի ձայնագրությունները հաջողությամբ օգտագործվում են բժշկագիտության և երաշտության ասպարեզներում, նրանց թռիչքի աերոդինամիկ հատկությունների օրինակով են նախագծվել ու իրականացվել ժամանակակից ամենակատարյալ թռչող սարքերը՝ ինքնաթիռից մինչև տիեզերքը ակոսող  ու այլ մոլորակներ սլացող տիեզերանավերն ու հրթիռները, զառիթափից  դեպի ներքև սավառնող սպորտաձևի «թևավոր սիրահարները»։ Առավել նշանակալից է՝ թռչունները, որպես վնտասատու միջատների դեմ կենսաբանական պայքարի միջոց։ Թռչունների վայրի և տնայնացված տեսակները, բարձրորակ սնունդ են մարդու համար։

Արվեստը, գրականությունը, ազգային ֆոլկլորը դարերի ընթացքում և այսօր էլ զերծ չեն մնացել թռչունների օրինակով մեկնաբանելու մարդկային հոգեվիճակը, սիրո, նվիրվածության, ազնվության, անխաթար ու կուռ միասնության գաղափարները, մարդկային վարքագծի այլաբանական մեկնությունները։ Թռչունների օրինակները լայն ծավալներով են ներկայացված հայկական առակագրության մեջ, ավանդապատումներում, հեքիաթներում, ժողովրդական ասացվածքներում, նույնիսկ միջնադարի դատաիրավական ոլորտում և ստեղծագործություններում։ Ա․ Ղանալանյանի «Ավանդապատում» գրքում (1969 էջ 137պարբերություն 366 «Ա») ասված է, որ «Արագիլն ամեն տարի խեղդում է իր ձագերից մեկին՝ Աստծուն մատաղ անելու համար»։ Անդրադառնալով արագիլի վարքագծի այս փաստին, ասենք, որ մեր հետազոտությունների արդյունքում (Մ․Ս․ Ադամյան-1991թ) հաստատվել է այն իրողությունը, որ արագիլը յուրաքանչյուր տարի բնից դուրս է նետում 1-2 ձագեր, որը ուղղված է բնային կյանքում ձագերի թվաքանակի կարգավորման գործին։ Մխիթար Գոշի «Հոպոպ» առակում ճշմարտացի կերպով  հիշատակվում է հոպոպի գարշահոտանքի փաստը, որը շատերին հայտնի է նաև այսօր Հ․ Օրբելու թարգմանությամբ հայերենից (հրատ․ «Սովետական գրող» 1982,էջ37)։ Այս և այլ նման իրողությունների գալիս են  վերստին հաստատելու այն միտքը, որ մեր նախնիները քաջածանոթ են եղել թռչնաշխարհին՝ ի շնորհիվ իրենց մեծ հետաքրքրության ու սուր դիտողականության։ Նույնքան ուշագրավ են Սմբատ սպարապետի և Մխիթար Գոշի (XII դար) դատաստանագրերում պատիժների մասին սահմանված օրենքները, որոնք կիրառվել են այն անձանց  նկատմամբ, ովքեր թռչնի բնից ձվերի և ձագերի հետ վերցնում են նաև թխսակալող մայր թռչունին, այդ դեպքում անձը պատիժը կրում է այնքան տարի, որքան տարի կարող էր մայր սերունդ տալ։ (Գ․ Գալստյան-1958թ, 164 հոդված 192, Ա․Ժապովյան-1954, էջ191, հոդված 75)։

Հայկական մանրանկարչական ստեղծագործություններում բավարար թվով օրինակներ կան, որոնցում բացահայտված են թռչնի կենսակերպի մանրամասները՝ ձկնակեր թռչուններից տառեխը, հավալուսնը, արագիլը՝ պատկերված են ձուկը կտուցին, բազեն՝ կռնչան բադին ճանկելիս, իսկ անտառային կաչաղակը՝ ծառի ճյուղին կանգնած և ոչ թե ջրում լողալիս, կամ քարտուղար թռչունը՝ բաց տարածությունում (անապատում) գալարվող օձը կտուցին։ Սրանք իրական պատկերներ են, քաղված բնությունից հեղինակների կողմից։

Արդի պայմաններում թռչնաշխարհի պաշտպանությանն ու նշանակությանը վերաբերվող  բազմաթիվ խնդիրներ մնում են կառավարական մարմինների ու հասարակության ուշադրությունից դուրս։ Չկանոնակարգված բազմաթիվ գործողությունների (անասունների արածեցում, անցանկալի օրինական և անօրինական անտառահատումներ, ջրային մակերեսների չորացում, առաջնային լանդշաֆտների յուրացում՝ քաղաքաշինության և գյուղատնտեսույան միջոցով, անօրինական որս) հետևանքով անհետանում կամ կենսակերպն են փոխում մի շարք տեսակներ, որոնք արդյունքում շոշափելի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը և քաղաքային միջավայրին։

                                                                                          Շարունակելի․․․ 

Civil Voice

Հասարակական ձայնը միասին դարձնենք գործոն