Երևան քաղաքի կանաչ տարածքներն անհետանում են

14 Հլս 2020

Երևան քաղաքի կանաչ տարածքներն անհետանում են

Այսօր Երևանում գնալով նվազում են կանաչապատ տարածքները, փոխարենը վեր են խոյանում բարձրահարկ շինությունները՝ ի հաշիվ կանաչ տարածքների։ Եթե այլ երկրներում շինություններ կառուցելիս կարծես պարտադիր պայման է կից կանաչապատում իրականացնելն, ապա մեզ մոտ  այդ պայմանն էլ է անտեսված։ Մի կողմից կանաչապատ տարածքների կրճատում, մյուս կողմից էլ ռիսկային չափերի արտանետումներ: Այս ամենը ոչ միայն խաթարում է քաղաքի էկոհամակարգը, այլև լուրջ վնաս հասցնում մարդկանց առողջությանը։ Մարդու ուղեղի, արյան, հյուսվածքների կենսագործունեությունն ապահովելու համար արյունը թթվածին է մատակարարում օրգաններին և հյուսվածքներին, մինչդեռ աղտոտելով շրջակա միջավայրը և օդը հագեցնելով տրանսպորտային  արտանետումներով, և ամենատարբեր գազային խառնուրդներով, մենք  ուղղակի ձևով շնչում ենք այդ օդը, որն էլ հեշտությամբ թափանցում են մեր  օրգանիզմ և թոքեր։

Քաղաքում  շինարարական աշխատանքների ժամանակ հաճախ հաշվի չի առնում այն հանգամանքը, որ ծանրաբեռնելով երկրակեղևը, մենք բարձրացնում  ենք տեկտոնական ռիսկերը։ Ցավոք, վերջին շրջանում բավականին շատ են գրանցվում նաև մասսայական ծառահատումների դեպքեր։ Անհրաժեշտ է գիտակցել, որ նորատունկ ծառերինց կպահանջվի առնվազն տասնյակ տարիներ՝ հաստաբուն ծառերի տրված արդյունավետությանը հասնելու համար։

Ծառերի, և առհասարակ կանաչապատ տարածքների կարևորությունն մեր առողջության համար կարծես անտեսված և մի տեսակ արժեզրկված լինի քաղաքացիների կողմից։ Զարմանալի է, մարդկանց շրջանում երկրի վրա եզակի, ամենակարևոր գործընթացի վերաբերյալ հիմնական գիտելիքների բացակայությունը, որի շնորհիվ մենք բոլորս հնարավորություն ունենք ապրելու: Պարզ ասած, սա ջրի և ածխածնի երկօքսիդը՝ թթվածնի և գլյուկոզայի վերածելու գործընթացն է ՝ օգտագործելով արևի լույսը:

6СО2 + 6Н2О + Qсвета → С6Н12О6 + 6О2

Երկրի վրա ամբողջ կյանքը կախված է ֆոտոսինթեզից: Դրա կարևորությունն  հասկանալու համար  առաջարկում եմ, կարճ անդրադարձ կատարել այս կենդանի օրգանիզմների այն մեխանիզմին, որի շնորհիվ նրանք զտում են օդը փոշուց և կեղտից։

Յուրաքանչյուր տերև, բույս ունի բազմաթիվ մանր հերձանցքներ, որոնցով կատարվում է օդափոխանակություն։ Հերձանցքներն իրականացնում են գազերի և գոլորշու փոխանակությունն արտաքին միջավայրի հետ։ Բույսերի մեծամասնության հերձանցքները բացվում են առավոտյան, կեսօրին ճեղքերը նեղանում են, երեկոյան՝ փակվում։ Բաց հերձանցքներով ածխաթթու գազը թափանցում է բույսի ներքին հյուսվածքները, իսկ ֆոտոսինթեզի ընթացքում գոյացած թթվածինը և ջրի գոլորշիներն անցնում են մթնոլորտ։ Տերևային մակերեսը մեկ ժամվա ընթացքում կարող է օդից կլանել 3–4 լ CO2  և նույնքան էլ O2 անջատել։ Տերևները լուսասինթեզի և շնչառության գործընթացների շնորհիվ պահպանում են թթվածնի և ածխաթթու գազի հաշվեկշիռն օդում, իսկ գոլորշիացման միջոցով մասնակցում են երկրի վրա ջրի շրջապտույտին։ Կենդանի օրգանիզմների կենսագործունեությունն ապահովվում է մթնոլորտում թթվածնի և ածխաթթու գազի հավասարակշռված հարաբերակցությամբ, այդ իսկ պատճառով անտառները կոչվում են մոլորակի թոքերը:

Այժմ եկեք հասկանանք, թե որքա՞ն պետք է լինի կանաչ տարածքը մեկ շնչի հաշվով: Միջազգային չափանիշներով, ընդհանուր առմամբ, մեկ շնչին պետք է բաժին ընկնի 21 ք/մ տարածք: Ակնհայտ է, որ Երևանում կանաչապատ տարածքները մաքուր օդ ապահովելու համար բնակչության համեմատ բավարար չեն: Այսօր, ըստ քաղաքապետարանի ցուցանիշի` 842 հա, այլ կերպ` 8․420․000  մ2 կանաչապատ տարածքից մեկ շնչին բաժին է ընկնում 7.8 մ2 տարածք: Նման  պայմաններում կանաչապատ տարածքների չափերը պետք է լինեն ոչ թե 842 հա, ինչպես նշված է քաղաքապետարանի ծրագրում, այլ ավելին, քանի որ նման չափերով աղտոտելու  պարագայում մեծ է մաքուր օդի պահանջը, հատկապես նման ծավալի` արդյունաբերության, շինարարության պայմաններում:

Բույսերը ոչ միայն թթվածնի աղբյուր են, այլև նպաստում են  կլիմայի ձևավորմանը, կարգավորում են հողայի և ջրային ռեժիմը։ Հետաքրքրական է, որ Կովկասի ֆլորան  ներառում է ծաղկաբույսերի մոտ 6000 տեսակ,  որոնցից կեսից ավելին աճում են Հայաստանում (3500 տեսակ)։

Կրճատվող կանաչ տարածքները, կլիմայական փոփոխությունները Երևան քաղաքի կլիման դարձնում են առավել չորային, իսկ տեղումների քանկը գնալով նվազում է։ 20-րդ դարի ընթացքում իրավիճակը փոխվում է. ավելի կանոնակարգված ոռոգման համակարգը թույլ է տալիս ընդլայնել կանաչ տարածքները, հիմնել մայրաքաղաքին վայել այգիներ ու պուրակներ, ինչն էլ իր հերթին նպաստում է քաղաքում փոշու կոնցենտրացիայի նվազմանը, վերանում են փոշոտ քամիները, պարգևելով անցորդներին ոչ միայն մաքուր օդ, այլև էսթետիկական հաճույք։

Քաղաքը չի կարող գոյատևել առանց «թոքերի»: Նախորդ տարիներին ամռանը Երևանում գրանցվեց վերջին տասնամյակների առաջին ավազահողմը. օգոստոսին արևադարձային հոսանքների հետ հանրապետություն թափանցեց փոշու խիտ կոնցենտրացիա ունեցող օդ, որի ճանապարհին խանգարող ծառեր ու այգիներ պարզապես չկային: Արդեն հիմա, ըստ Հայէկոմոնիտորինգի դիտարկումների, Երևանում փոշու միջին տարեկան կոնցենտրացիան սահմանային թույլատրելի նորման գերազանցում է 1,6-1,9 անգամ:

2010 թվականին Առողջության համաշխարհային կազմակերպությունն ամփոփեց մարդու առողջության վրա կանաչ տարածքների ունեցած ազդեցությանը վերաբերող հետազոտությունների մի մեծ զանգված: Ամփոփիչ զեկույցում նշվում էր, որ Տոկիոյի այն բնակիչները, որոնք ապրում են կանաչ տարածքներին մոտ, անկախ իրենց սոցիալ-տնտեսական կարգավիճակից, ավելի երկար են ապրում: Իսկ ԱՄՆ-ում սթրեսային պայմաններին ավելի լավ են դիմադրում այն քաղաքների բնակիչները, որոնք ունեն կանաչ և բաց տարածքների տեսարան: ԱՀԿ զեկույցում տասնյակ օրինակներով ապացուցվում է, որ առողջ քաղաքի համար կանաչ տարածությունները պարտադիր են:

Ակնհայտ է մեկ բան, Երևանում կանաչապատ տարածքներ բավարար չեն,  առկա է կանաչ գոտու պահպանման խնդիր: Այս առնչությամբ իրավիճակը շտկելու համար կարելի է նշել, որ մայրաքաղաքի կանաչ տարածքները պետք է յուաքանչյուր շնչի հաշվով ընդլայնել մինչև 21մ2: Անհրաժեշտ է ծառատնկումներ իրականացնել քաղաքի տարբեր հատվածներում, հատուկ ուշադրություն դարձնել տնկվող ծառատեսակներին,  ծառատնկումներն իրականացնել առավել խիտ կարգով, իսկ  նախկին անտառածածկ տարածքներում կատարված շինարարություններին կից պետք է կատարվի երեք շերտ կանաչապատում (սիզամարգ, թուփ, ծառ): Այսօր անգամ երեխաների համար նախատեսված հրապարակները գրեթե ծառազուրկ են և  ավազով պատված խաղահրապարակներում բարձրացած փոշին տարածվելով օդում անցնում է շնչուղիներ։ Անհրաժեշտ է  հատուկ ուշադրություն սևեռել այս հրապարակներին, իրականացնել ծառատնկումներ, ապահովել ոռոգման համակարգով և ի վերջո պահպանել մայրաքաղաք Երևանի էկոհամակարգը։

Մենք պետք է հոգ տանենք և պայքարենք յուրաքանչյուր ծառի համար: Ի վերջո վերացնելով ծառերը, վերացնելով կենդանիները, կվերանանք նաև մենք․․․ 

Civil Voice

Հասարակական ձայնը միասին դարձնենք գործոն