Ինչպիսի՞ փոփոխություններ և լրացումներ է Գործադիրը նախատեսում իրականացնել ընդերքի ոլորտի օրենսդրությունում

19 Հնս 2020

Ինչպիսի՞ փոփոխություններ և լրացումներ է Գործադիրը նախատեսում իրականացնել ընդերքի ոլորտի օրենսդրությունում

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հանդես է եկել «ՀՀ Ընդերքի մասին օրենսգրքում», «Սնանկության մասին» ՀՀ օրենքում, «ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքում» և «ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու առաջարկությամբ:

Օրենսդրական փոփոխությունների և լրացումների փաթեթի նախագիծը հունիսի 11-ին կառավարությանը ներկայացրեց նախարար Սուրեն Պապիկյանը:

Առաջարկվող փոխոխություններով նոր կարգ և պայմաններ են սահմանվում ընդերքօգտագործման իրավանքունի տրամադրման, դրանց ժամկետների, ժամկետների երկարաձգման, ընդերքի տեղամասի ընդլայնման, հանքային իրավունքի գրավադրման, ընդերքօգտագործման իրավունք ունեցող պարտապանին սնանկ ճանաչելու և այլ ընթացիկ հարցերի վերաբերյալ:

Օրենսդրական փոփոխությունների և լրացումների անհրաժեշտությունը պայմանավորված է ընդերքի ռացիոնալ և ողջամիտ օգտագործման, շրջակա միջավայրի և մարդու առողջության պահպանման, օրենսդրական իրավահարաբերությունների, բացթողումների և թյուրըմբռնումների կարգավորման նկատառումներով:

  • Առաջարկվում է օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով հանքային իրավունք տրամադրել միայն այն դեպքում, երբ օգտակար հանածոյի պաշարները հաստատվել են ոչ ավել քան 5 տարի առաջ: Եթե օգտակար հանածոյի պաշարները գնահատվել են հայցվող դիմումին նախորդող օրվանից ոչ ուշ քան 5 տարի առաջ ապա առաջարկվող փոփոխությունների համաձայն անհրաժեշտ է իրականացնել օգտակար հանածոյի հանքավայրերի պաշարների վերագնահատում, որի համար տրամադրվում է երկրաբանական ուսումնասիրության իրավունք մինչև 3 տարի ժամկետով առանց երկարաձգման հնարավորության:
  • Օգտակար հանածոների հանքավայրերի պաշարները տրամադրվելու են մեկ ընդերքօգտագործողի, իսկ այն հանքավայրերը կամ հանքավայրերի աշխարհագրորեն առանձնացված տեղամասերը, որոնց մի մասն արդեն ծանրաբեռնված են ընդերքօգտագործման իրավունքով, տրամադրվում են տրամադրման ենթակա մնացորդային ամբողջ հաշվեկշռային պաշարներով մեկ ընդերքօգտագործողի:
  • Նոր պահանջներ են սահմանվում ընդերքօգտագործման իրավունքի ժամկետների, դրանց երկարացման և ընդերքի տեղամասերի ընդլայնման համար:

Առաջարկվում է հանքավայրերի արդյունահանումն իրականացնել փուլերով: Մետաղական օգտակար հանածոների հանքավայրերի արդյունահանման յուրաքանչյուր փուլի համար սահմանվում է ոչ ավել քան 25, իսկ ոչ մետաղականնների և հանքային ջրերի արդյունահանման համար՝ 15 տարի:

Օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության ժամկետը չի երկարաձգվում, եթե ընդերքօգտագործման իրավունքի տրման օրվանից մինչև ժամկետի երկարաձգման դիմումի ներկայացման ժամանակահատվածում ընդերքօգտագործողը չի արդյունահանել թույլտվությամբ տրամադրված օգտակար հանածոյի պաշարների առնվազն 80%-ը: Այս դեպքում չի կարող ընդլայնվել նաև օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով տրամադրված ընդերքի տեղամասը:

  • Սահմանվում են սահմանային գետերի ափերին գտնվող ողողատային տիպի հանքավայրերից ավազի և ավազակոպճային խառնուրդի վերականգնվող պաշարների գնահատման և արդյունահանման կարգն ու իրավահարաբերությունները:

Պահանջվում է իրականացնել գետի հունի վիճակի ու կայունության մշտադիտարկումներ և տոպոգրաֆիական հանույթ՝ գետի հունի կամ ափագծի փոփոխություններն արձանագրելու նպատակով:

  • Սահմանվում է հանքային իրավունքի գրավ դնելու նոր կարգ: Հանքային իրավունքի գրավադրումը կատարվում է ոչ թե Լիազոր մարմնին ուղղակի տեղեկացմամբ, այլ նրա համաձայնությամբ: Լիազոր մարմինն ամբողջությամբ վերահսկելու է ընդերքօգտագործման գրավի և դրա հետ կապված հարաբերությունները: Ընդերքօգտագործողը հաշվետու է ընդերքօգտագործման իրավունքի հիման վրա կնքված գրավի կամ վարկային պայմանագրով ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարման համար:

Առաջարկվում է ամրագրել, որ Ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման կամ կասեցման վերաբերյալ կայացված վարչական ակտի դատարանում բողոքարկումը չի կարող կասեցնել վերջինիս կատարումը:

ՀՀ Ընդերքի մասին օրենսգրքի 30-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն ընդերքօգտագործման իրավունքի դադարեցումն ուժի մեջ չի կարող մտնել, քանի դեռ ավարտված չեն ընդերքօգտագործման իրավունք կրողի նկատմամբ վերջինիս իրավունքների հետ կապված դատավարական սկսված գործընթացները:  

  • Պարտադիր է համարվում առնվազն 10 տարի պահպանել օգտակար հանածոյի արդյունահանման, վերամշակման, լրահետախուզման և շահագործական հետախուզման աշխատանքների ընթացքում օգտակար հանածոյի որակի, քանակի և այլ հատկությունների որոշման նպատակով վերցված բոլոր փորձանմուշները, իսկ դրանց արժանահավատությունը գնահատելու համար իրականացնել փորձանմուշների հսկողական անալիզներ:
  • Սահմանվում է նաև մետաղական հանքավայրերից արդյունահանվող հանքաքարերի քանակներից կախված թափոնների մշակման տարբեր տեխնոլոգիանների կիրառումը: Մասնավորապես՝ տարեկան մինչև մեկ միլիոն տոննա արտադրողականության պարագայում պարտադիր պետք է կիրառել թափոնների չորացման տեխնոլոգիաներ, իսկ տարեկան մեկ միլիոն տոննայից ավելի դեպքում՝ կիրառել ջրի փակ շրջանառու համակարգ, իսկ վերընթաց պոչամբարի կառուցում չի թույլատրվում:
  • Ոչ մետաղական օգտակար հանածոների համար տարեկան նվազագույն արտադրողականությունը սահմանվում է 20 հազար խորանարդ մետր:

            Կառավարությունը հավանություն տվեց օրենսդրական փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծային փաթեթին: 

Լուսանկարը՝ azatutyun.am 

Civil Voice

Հասարակական ձայնը միասին դարձնենք գործոն