Այսօր անապատացման և երաշտների դեմ պայքարի համաշխարհային օրն է

17 Հնս 2020

Այսօր անապատացման և երաշտների դեմ  պայքարի համաշխարհային օրն է

1995թ-ին ՄԱԿ-ը հունիսի 17-ը հռչակեց, որպես անապատացման և երաշտի դեմ պայքարի միջազգային օր՝ անապատացման և երաշտի սպառնալիքների և հետևանքների իրազեկությունը բարձրացնելու միտումով:  Կոնվենցիան 1994թ ստորագրվեց Հայաստանի կողմից և վավերացվեց Ազգային Ժողովի կողմից 1997թ. հուլիսի 6-ին:

21-րդ դարում անապատացման դեմ պայքարը հանդիսանում է գլոբալ էկոլոգիական խնդիր երկիր մոլորակի համար: Երկրագնդի ցամաքային տարածքների մոտ 40%-ը, հանդիսանում են <<չորային>> հողեր:

Հողերի դեգրադացիան Հայաստանում կազմում է մոտ 80%: Հայաստանը պայմանավորված իր աշխարհակլիմայական պայմաններով՝ անապատացման տեսանկյունից հանդիսանում է առանձնապես խոցելի երկիր: Հայաստանում հաճախ հողերի անապատացմանը նպաստում են ոչ միայն մեր գոտուն բնորոշ չոր և լեռնային կլիման, այլև անասունների գերարածեցումը, սխալ գյուղատնտեսական ռազմավարությունը, ջրային ռեսուրսների ոչ ճիշտ օգտագործումը, մարդու ոչ հաշվենկատ վերաբերմունքը։ ՀՀ-ում հողերի անապատացման պրոցեսներն առավել սրված են Արարտյան հարթավայրում, Արմավիրի, Արագածոտնի մարզերում։ Այն բնորոշվում է հողային ռեսուրսների դեգրադացմամբ, կենսաբազմազանության ու կենսապաշարների աղքատացմամբ: Արարատյան դաշտավայրում ջրային ռեսուրսների սխալ կառավարումը, ձկնաբուծությունը, և այլն գործոններ հանգեցրեցին հողերի աղակալման և դրանց տարածմանը։ Հայաստանում անապատացման ենթարկվող հողերը կազմում են մոտ 43 %:

Հայաստանի բոլոր բնական գոտիներում նկատվում է հողի բերրիության նվազում և էրոզիոն գործընթացների ակտիվացում։ Սա բացատրվում է ինչպես բնածին, այնպես էլ մարդածին գործոնների ազդեցությամբ: Հատկապես խոցելի են կիսաանապատային, չոր տափաստանային, տափաստանային և անտառային գոտիները, որտեղ մարդածին գործոնի ազդեցությունը բնածին գործոնի հետ համատեղ մեծացնում է հողերի էրոզիայի աստիճանը: Ներկայումս բոլոր գյուղատնտեսական հողերի շուրջ 2/3-ը  դեգրադացված է տարբեր աստիճանով։

Անապատացման խնդիրն մեր երկրում նվազեցնելու և կանխարգելելու համար անհրաժեշտ է իրականացնել անապատացման հիմնախնդիրներին առնչվող օրենսդրության կատարելագործում, հողերի կառավարման արդյունավետության բարձրացում, փորձել հնարավոր բոլոր դեպքերում անտառապատել  դեգրադացված հողերը։ Մեր երկրում լուրջ խնդիրներից է նաև կանաչ գոտիների պահպանությունը, որոնց կրճատումը ևս իր անդրադարձն է ունենում անապատացման պրոցեսների վրա։ Անհրաժեշտ է կանխարգելել անտառների կրճատման գործընթացները և բարելավել անտառային տնտեսության կառավարումը հանրապետության ողջ տարածքում:

Անապատացման հիմնախնդիրների և դրանց լուծման վերաբերյալ հասարակության իրազեկության բարձրացում ևս կարևոր է։

Անապատացման գործընթացների լուրջ խնդիրներից է նաև ջրային ռեսուրսների սակավությունը։ Իսկ Հանրապետության ջրային ռեսուրսների պահպանության և արդյունավետ օգտագործման հիմնախնդիրներից մեկը էլ Սևանա լճի պահպանությունն է։ Սևանա լճի քաղցրահամ ջրերը տարածաշրջանի համար հանդիսանում են ապագա խմելու ջրերի հիմնական աղբյուրը: Հանրապետության ջրային ռեսուրսների պահպանության գործում առաջնահերթ խնդիրներ են հանդիսանում  աղտոտման աղբյուրների ժամանակին բացահայտումը, դադարեցումը և կանխարգելումը:

Այսպիսով ևս մեկ անգամ անդրադառնալով օրվա խորհրդին, հարկ է նշել, որ  յուրաքանչյուս մեր պատասխանատու և հոգատար վերաբերմունքով կարող ենք նպաստել անապատացման և դեգրադացիոն գործընթացների նվազմանը մեր երկրում։ 

Civil Voice

Հասարակական ձայնը միասին դարձնենք գործոն