Թափառող շների խնդրի լուծման մեր տեսլականը․ Մաս 2

12 Հնս 2020

Թափառող շների խնդրի լուծման մեր տեսլականը․ Մաս 2

Կենտրոնի գերնպատակն է գործի դնել բոլոր հնարավոր միջոցները՝ պահպանելու կենդանու կյանքն ընդհուպ մինչև նրա բազմացման հնարավորության կանխարգելումը (սեռական ստերիլիզացիան)։ Կենտրոնի ընդունարանում մասնագետների ու անասնաբույժների կողմից վիզուալ զննումներով` շների խմբաքանակն ըստ ցեղատեսակների բաժանվում են զտարյունների, խառնածինների, սովորականների։ Այնուհետև դրանցից կազմվում են արուների և էգերի խմբեր։ Խմբավորված կենդանիները պահվում են մեկուսարաններում` վիզուալ փորձաքննական ժամկետների սահմաններում (կարանտին)։ Փորձաքննական ժամկետների ավարտից հետո կատարվում են շների անհատական զննումներ՝ որոշելու հետագա հնարավոր գործողությունների իրականացումը։ Առողջ կենդանիներն անցնում են կրկնակի լաբորատոր և վիզուալ քննություններ, և տեղավորվում հատուկ խցերում ու վանդակներում։ Կենդանիների առողջական վիճակի զննման ախտորոշման և այլ գործողությունների համար կենտրոնում պետք է գործեն անասնաբուժական ռենտգեն ծառայությունը, ճիճվային և վարակիչ հիվանդությունների լաբորատորիաները, վիրահատարանը` ժամանակակից սարքավորումներով, կահավորմամբ, խմելու ու տեխնիկական անընդհատ հոսող ջրով, հիվանդ, սակայն բուժման ենթակա կենդանիների վանդակ խցերով, անբուժելի հիանդություններով տառապող անշարժ կենդանիների դեղորայքային միջոցներով, անշնչացման համար նախատեսված խցերով։ Կենդանիների դիակների թաղման կամ ոչնչացման համար նախատեսված «Բեկարի հորերով» կամ դիակիզարաններով։ Համալիրի տարածքային շինությունների շարքում կարևոր դեր ունի շների վազքի ու նրանց վարժեցման համար նախատեսվող հրապարակները և այդ գործն իրականացնող մասնագետների գոյությունը։ Անասնաբուժական ծառայություններ իրականացնող կազմը պետք է ձևավորվի թերապևտի, վիրաբույժի, պարազիտար և վարակիչ հիվանդությունների նեղ մասնագիտացված անձերով։ Լրատվության տարբեր միջոցներով կազմակերպել շների անվճար հատկացումն՝ անհատներին ու կազմակերպություններին։ Կենտրոնում անհրաժեշտ է ունենալ տեղեկատվական բաժին, առկա և իրացված կենդանիների քարտադարանով։ Շների սնունդն ապահովող խոհանոցը պետք է մեկուսացված լինի այն կառույցներից, որտեղ շների կացարաններն են։ կենտրոնում պետք է գործի կլինիկական և ստացիոնար բուժման կարիք ունեցող շների սպսարկում։

Ամփոփելով խնդրի կարևորությունն անհրաժեշտ ենք համարում, որ նման կենտրոնի ստեղծումը պետք է իր բոլոր հատկանիշներով առնվազն համապատասխանի միջազգային նվազագույն պահանջներին, այլապես այն չի կարող լիարժեք ծառայել այն նպատակներին, ինչ իրենց առջև են դրել մարդիկ, որոնք դրդված էնտուզիազմից անձնազոհ պատասխանատվությամբ որդեգրել են մարդասիրական, առողջապահական հույժ կարևոր, միևնույն ժամանակ բոլոր տեսակներից դժվարին այս աշխատանքն իրականցնելու գործում։

                                                                                Հեղինակ՝ Ս․Ադամյան 

Civil Voice

Հասարակական ձայնը միասին դարձնենք գործոն