Թափառող շների խնդրի լուծման մեր տեսլականը․ Մաս 1

11 Հնս 2020

Թափառող շների խնդրի լուծման մեր տեսլականը․ Մաս 1

Մարդը շան բազմաթիվ ցեղատեսակներ է բուծել ու դրանց շնորհել իր ամենահավատարիմ ու նվիրյալ բարեկամի տիտղոսը։ Սակայն, նա դեռ լիարժեք չի սովորել գնահատել և հասկանալ շան դերակատարումն իր կյանքում և շրջապատում։ Այսօր էլ,  շները արժանանում են դաժան վերաբերմունքի մարդու կողմից։ Արդյո՞ք ժամանակը չէ շտկելու իրավիճակը, ու վարվել շների հետ մարդավարի, քանզի սերունդներ են դաստիարակվում այդ ոգով։ Ի՞նչ է մարդու համար շունն իր բազում ցեղատեսակներով։ Թերթենք պատմության և ժամանակակից համաշխարհային գիտության, արվեստի, գրականության ու այլ ասպարեզների էջերը ու կտեսնենք, որ մարդն իր ծագման արշալույսին շանը ճանաչեց ու նրան վստահեց իր անոթի չմնալու, որպես հանապազօրյան հացը վաստակելու միակ օգնականին։ Շունը դարձավ մարդու անդավաճան պահապանը։ Հետագա դարերում, մինչև մեր օրերը կատարելագործված շնացեղերը՝ մասնագիտացված, անշահախնդիր ու անձնազոհ ծառայություններ մատուցեցին մարդկությանը։ Շները մեծ զոհաբերություններով առաջ մղեցին մարդու առողջությանը նպաստող բժշկագիտությանը։ Աշխարհահռչակ ֆիզիոլոգ Պավլովը, որի զինակիցն էր մեր հայրենակից՝ Լևոն Օրբելին, շան բռոնզաձույլ արձանն է կանգնեցրել Սանկտ-Պետերբուրգի ֆիզիոլոգիայի իր լաբորատորիաներից մեկի բակում, ի պատիվ շան մատուցած ծառայությունների՝ գիտությանը։ Լայկա շունը տիեզերագիտության պատմության մեջ առաջին անգամ ապացուցեց, որ մարդը կարող է ակոսել տիեզերքի անսահման տարածքները։

Վերջին տարիներին ականատես եղանք, թե ինչպես Սպիտակի կործանարար երկրաշարժի օրերին շները որքան կյանքեր փրկեցին փլատակների խորքերից։ Մարդն իրավացիորեն հերոսանում է անձնազոհ արարքով, իսկ նույնը շան պարագայում համարում ենք կենդանու պարտականությունը, որի համար, որպես խրախուսանք հրամցնում ենք ընդամենը որևէ ուտելիք։ Հակասական այս իրավիճակներում ծնվում է այն ճշմարտացի գաղափարը, որ թափառող շների հավաքը երևանյան փողոցներից պետք է իրականցավի ամենամարդասիրական ճանապարհով՝ բացառելով հրազենի օգտաագործումը։ Այս աշխատանքների իրականացման առաջին իսկ պահից մինչև հետագա գործողությունների հաջող ավարտը պահանջվում է իրագործել միջոցառումներ, որոնք առաջին հերթին անվտանգ կլինեն շրջապատի և շների հավաքն իրականացնող անձնակազմի համար, ապահովելով նրանց հետևյալ պարագաներով․ արտահագուստ, որը պետք է կրի գործողություն կատարողի մասնագետի հատուկ պիտակը (эмблема), տրանսպորտային միջոցներ, որոնք հարմարված են կենդանիների անվտանգ տեղափոխմանը։ Գործող անձնակազմին տրամադրել գործիքներ ու այլ միջոցներ՝ ժամանակակից սարքավորումներ, որոնք հավասարապես արդյունավետ կօգտագործվեն, թե՛ ցերեկային, և թե ՛ գիշերային ժամերին։ Գործող խմբի անձնակազմում ցանկալի է սանիտար կրտսեր բժշկի ներկայությունը՝ հիվանդ կենդանիների հարձակումից վնասվածք ստացած մարդկանց առաջին օգնություն ցույց տալու համար՝ձեռքի տակ ունենալով համապատասխան գործիքներ ու դեղամիջոցներ։ Հավաքագրված շների խմբաքանակի ճակատագրի հետագա փուլերը կիրականացվեն անազատ պայմաններում՝ այդ նպատակի համար նախատեսված տիպային ու կից համալիր կառույցներում, որոնք որպես շների հավաքագրման պահպանման և ստերիլիզացիայի կենտրոն, առողջապահության և անվտանգության կանոների պահանջի համաձայն նախատեսվում է տեղադրել բնակավայրերից դուրս ցանկապատված տարածքներում։

                                                                                              Շարունակելի․․․

Civil Voice

Հասարակական ձայնը միասին դարձնենք գործոն