Շրջակա միջավայրի համաշխարհային օր

05 Հնս 2020

Շրջակա միջավայրի համաշխարհային օր

Սկսած 1972թ-ից ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ՝  հունիսի 5-ը նշվում է, որպես Շրջակա միջավայրի համաշխարհային օր: Գլխավոր ասամբելայի 7-րդ նստաշրջանին, բացի ընդունված որոշումից, ՄԱԿ-ի համակարգում ստեղծել է ՄԱԿ-ի շրջակա միջավայրի մասին ծրագիրը (UNEP):

Ներկայումս COVID-19 համաճարակի հետ կապված, երբ աշխարհի տարբեր անկյուններում ամիսներ շարունակ կարանտին է հայտարարված, էկոլագիական ասպեկտի տեսանկյունից  շրջակա միջավայրում   նկատվում են տեսանելի փոփոխությոններ։ Հայաստանում վերջին շրջանում  գրանցվեցին գետերի, լճերի, ջրային ավազանների ինքնամաքրում, բարելավվեց ջրի որակը։ Երկրի տարբեր հատվածներում նկատվում է մի շարք կենդանատեսակների ակտիվ տեղաշարժ։ Երկնակամարում նշմարվում են այնպիսի թռչնատեսակներ, ինչպիսիք նախկինում հազվադեպ էին հանդիպում։

Ներկայումս շրջակա միջավայրի՝ կենդանական և բուսական աշխարհի համար լուրջ սպառնալիք են պլաստիկ թափոնները։  Հայաստանի գետերում, ջրավազաններում ջրի մակերևույթին հաճախ կարելի է հանդիպել մասսայկան պլաստիկ նյութերի։ Հայաստանի մի շարք վայրերում կարելի է նկատել պլաստիկի մեջ փաթաթված արագիլների, նրանց բների, որոնք պարզապես լցված են պլաստիկ նյութերով։ Շրջակա միջավայրի մեկ այլ սպառնալիք է ծավալվող հանքարդյունաբերությունը՝ իր պոչամբարներով և ամենատարբեր արտանետումներով, որոնք վնաս են հասցնում ոչ միայն կենդանիներին, այլ նպաստում շրջակա միջավայրի հողերի էրոզիային և դեգրադացմանը։

Հայաստանը այսօր կանգնած է անապատացման խնդրի առջև։ Անապատացման դեմ պայքարի ռազմավարության ծրագրին 1997թ-ից անդամակցում է նաև Հայաստանը, սակայն պետբյուջեից այս ոլորտի որևէ ծրագրի համար լուրջ ներդրում չի կատարվում։

Հաճախ հողերի անապատացմանը նպաստում են ոչ միայն մեր գոտուն բնորոշ չոր և լեռնային կլիման, այլև անասունների գերարածեցումը, սխալ գյուղատնտեսական ռազմավարությունը, ջրային ռեսուրսների ոչ ճիշտ օգտագործումը, մարդու ոչ հաշվենկատ վերաբերմունքը։ ՀՀ-ում հողերի անապատացման պրոցեսներն առավել սրված են Արարտյան դաշտավայրում, Արմավիրի, Արագածոտնի մարզերում։

Հայաստանում աղբի խնդիրը ևս մնում է արդիական։ Աղբահանության ոլորտի կարգավորման հարցում բացակայում է համակարգային մոտեցումը: Հայաստանի բոլոր աղբավայրերը գտնվում են ոչ պատշաճ և կարելի է ասել անկառավարելի վիճակում։ Աղբավայրերի մեծ մասում աղբը այրվում է՝ պատճառ հանդիսանալով լուրջ խնդիրների (օդի աղտոտման)։ Ցավոք, մինչ օրս ՀՀ-ում չկան աղբի հատուկ վերամշակման գործարաններ։

Անդրադառնալով կենդանական աշխարհին հարկ է նշել, որ Հայաստանում լուրջ խնդիրներից է որսագողությունը, անզատության մեջ գտնվող վայրի կենդանիների շահագործումը, որին բազմիցս անդրադարձել են Civil Voice ՀԿ փորձագետները՝ շեշտելով «Կենդանական աշխարհի մասին» օրենքի  վերամշակման անհրաժեշտությունը։

Շրջակա միջավայրի համաշխարհային օրը միջոցառում է՝ ինչպես յուրաքանչյուր անձի, այնպես էլ ողջ աշխարհի համար: 1972-ին տոնակատարության մեկնարկից ի վեր, տարբեր երկրների բնակիչներ անցկացրել են հազարավոր միջոցառումներ՝ սկսած իրենց շրջակայքը մաքրելուց, ծառեր տնկելուց, մինչև վայրի բնության նկատմամբ վայրագությունների դեմ պայքարով: Եվ այսօր էլ, այս տոնը հնարավորություն է տալիս յուրաքանչյուրիս վերցնել պատասխանատվություն մեր մոլորակի նկատմամբ՝ հոգալու և ակտիվորեն նպաստելու բնապահպանական առաջընթացին։ 

Civil Voice

Հասարակական ձայնը միասին դարձնենք գործոն