Հայաստանի կենսաբազմազանությունը

22 Մայ 2020

Հայաստանի  կենսաբազմազանությունը

Մայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն է։ Կենսաբազմազանության միջազգային օրը կոչված է հասարակության շրջանում կենսաբազմազանության պահպանության և նրան սպառնացող վտանգների հարցերում իրազեկվածության մակարդակի բարձրացմանը, համայնքային և ազգային մակարդակներում նորարարական որոշումների ընդունմանը և այլն: Կենսաբազմազանության մասին կոնվենցիան ստորագրել է 193 երկիր, այդ թվում և Հայաստանը՝1993թ-ին: Այն նախատեսում է, որ պետությունները պատասխանատվություն են կրում իրենց կենսաբազմազանության պահպանության և կենսաբանական ռեսուրսների կայուն օգտագործման համար:

Հայաստանը չնայած իր փոքր տարածքին՝ աշխարհագրական դիրքի տեսանկյունից  բավականին հարուստ կենսաբազմազանություն ունի։  ՀՀ տարածքում հայտնաբերված են շուրջ 3500 տեսակի բարձրակարգ ծաղկավոր բույսեր, ավելի քան 17500 կենդանատեսակներ, որոնցից մոտ 500-ը՝ ողնաշարավորներ, իսկ ցածրակարգ բույսերի և միկրոօրգանիզմների թիվը անցնում է մի քանի տասնյակ հազարից։  ՀՀ կարմիր գրքում գրանցված են շուրջ  155 տեսակի ողնաշարավոր և 155 տեսակի անողնաշարավոր կենդանիներ, և ավելի քան 675  բույսեր։

Հայաստանի կենսաբազմազանության վերաբերյալ խնդիրները ներկայումս էլ մտահոգիչ են։ Մեր երկրում շարունակում է էկոլոգիական լուրջ խնդիրներից հանդիսանալ ծառահատումները։ Ինչպես նախկինում, այնպես էլ ներկայումս գրանցվում են ապօրինի ծառահատման մի շարք դեպքեր, որոնք լուրջ սպառնալիք են կանաչ գոտիների պահպանման համար։ Վերջերս մեզ մոտ գրանցվեցին մի շարք մաշտաբային հրդեհներ, որոնք ևս լուրջ ազդեցություն ունեցան անտառապահպանության գործում։

Մեր երկրի հարստություններից մեկը՝ Սևանա լիճը, ինչպես հասարակության, այնպես էլ կառավարության ոչ մասնագիտական, անփույթ վերաբերմունքի պատճառով  վտանգված է։ 2019թ․ լճից մեծ քանակությամբ բացթողումների և մի շարք այլ հանգամանքների հետևանքով ամռանը լճում արձանագրվեց ծաղկման երևույթ, որի հետևանքով լրջորեն վնասվեց  լճի էկոհամակարգը։ Փորձագետների խոսքով այս տարի ևս սպսվում է լճի ծաղկման երևույթ։

Այլընտրանքային էներգիա ստանալու նպատակով օգտագործվող ՀԷԿ-երը ևս իրենց վնասակար ազդեցությունն են թողնում շրջակա միջավայրի վրա։ Խիտ կառուցված փոքր ՀԷԿ-երի պատճառով գետային ավազանի էկոհամակարգը ծանրաբեռնված է, իսկ գետերի և վտակների հուները՝ զբաղեցված է ՓՀԷԿ-երի համար բնորոշ ենթակառուցվածքներով։ Ծանրաբեռնվածությունն ավելանում է նաև ոռոգման համակարգերի հաշվին, որոնք ջուր են վերցնում  գետերից: Գետերի ավազանը պոտենցիալ հարուստ է տարբեր ձկնատեսակներով, այդ թվում էնդեմիկ և կարմիրգրքային: Փոքր ՀԷԿ-երի մեծ մասի ձկնանցարանները կառուցված են սխալ, իսկ ձկնապաշտպան ցանցերն իրենցից ներկայացնում են աղբորսիչներ: Արդյունքում ձկները չեն կարողանում բարձրանալ ձվադրման, և անցնելով ցանցի միջով, հայտնվում են ՓՀԷԿ-ի տուրբինում:    

Շրջակա միջավայրի կենսաբազմազանության խնդիրներից մեկն էլ Հայաստանում ծավալվող հանքաարդյունաբերությունն է։  Վերջերս հանքարդյունաբերության ոլորտում բնապահպանների ջանքերով արձանագրվեց առաջընթաց՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման։ Սակայն հանքարդյունաբերության հետ կապված խնդիրները արդիական են, որտեղ լուծված չեն պոչամբարների և այլ արտանետումների  խնդիրը։

Անդրադառնալով կենդանական աշխարհին հարկ է նշել, որ Հայաստանում լուրջ խնդիրներից է նաև որսագողությունը։ Հաճախ որսագողության զոհ են դառնում կարմիր գրքային կենդանիներ։ Մեզ մոտ կենդանիների պաշտպանության տեսանկյունից խոցել են նաև անազատության մեջ գտնվող կենդանիները։ Հաճախ ռեստորաններում, զվարճանքի այլ վայրերում  կարելի է հանդիպել անմխիթար պայմաններում պահվող մի շարք վայրի կենդանիների։ Ռիսկային է նաև այն հանգամանքը, որ Հայաստան են ներմուծվում վայրի կենդանիներ՝ շահագործման ամենատարբեր նպատակներով։ Ինչպես օրինակ, Գյումրիում պահվող դելֆինները, որոնց պահման վերաբերյալ մեր երկիրը դեռևս չունի սահմանված նորմեր և կենդանինները գտնվում են անմխիթար վիճակում։ Բոլորովին վերջերս կենդանասերների կողմից իրականացվեց ստորոգրահավաք, որոնք պահանջում են դադարեցնել կրկեսներում, զվարճանքի այլ վայրերում կենդանիների շահագործումը։

Ներկայումս կորոնավիրուսի վարակի հետ կապված բազմաթիվ երկրներում հայտարարված է կարանտին։ Ի զարմանս բոլորի, երբ աշխարհի տարբեր անկյուններում մարդիկ ասես մեկուսացված են, շրջակա միջավայրը զարմանալիորեն սկսեց ինքնամաքրվել մարդկային գործոնի վնասակար ազդեցություններից։ էապես սկսեց նվազել օդի աղտոտվածության մակարդակը։ Մաքրվեցին ջրային մակերևույթները, բարելավվեց ջրի որակը: Հայաստանի տարբեր տարածքներում, նկատվեցին տարբեր կենդանատեսակների՝ կուղբերի, սկյուռերի, ջրասամույրների, թռչունների ակտիվ տեղաշարժ։      Զարթոնք ապրեց բնությունը՝ մարդկությանը ասես հուշելով իր գոյության, պահպանության առանձնակի դերի մասին։

Այսպիսով 21-րդ դարի էկոլոգիական լուրջ խնդիրներից է նաև կենսաբազմազանության պահպանությունը։ Չնայած տարբեր երկրներում իրականացվող բնապահպանական մի շարք միջոցառումների, հասարակության դերը կենսաբազմազանության պահպանման գործում ունի առանցքային նշանակություն։ Անհրաժեշտ է, ոչ միայն պատասխանատու, հոգատար վերաբերմունք դրսևորել շրջակա միջավայրի նկատմամբ, այլև որդեգրել գալիք սերունդներին բնապահպանական վերաբերմունքի կրթման, դաստիարակության առաքելությունը։ 

Civil Voice

Հասարակական ձայնը միասին դարձնենք գործոն