Այսօր Նշվում է Նաև Չվող Թռչունների Միջազգային Օրը

09 Մայ 2020

Այսօր Նշվում է Նաև Չվող Թռչունների Միջազգային Օրը

Այս տարի Մայիսի 9-ը նշվում է որպես Չվող թռչունների համաշխարհային օր, որի նպատակն է մարդկության ուշադրությունը հրավիրել գլոբալ էկոլոգիական փոփոխությունների վրա, որոնք ոչնչացնում են թռչունների գոյատևման համար կարևորագույն էկոհամակարգերը։ 

Բազմաթիվ երկրներ չվող թռչունների պահպանման վերաբերյալ ունեն օրենքներ և մասնակցում են միջազգային համաձայնագրերին: Հայաստանը թռչունների պաշտպանության վերաբերյալ հատուկ սահմանված օրենք չունի, սակայն 1993թ-ից անդամակցում է չվող թռչունների պահպանման «Միջազգային կարևորության ջրաճահճային տարածքների մասին, հատկապես որպես ջրլող թռչունների բնադրավայր» միջազգային կոնվենցիային: Գիտնականների խոսքով 1600թ-ից թռչունների մոտ 100 տեսակ անհետացել է երկիր մոլորակից: Ներկայումս էլ թռչունների շատ տեսակներ կանգնած են անհետացման շեմին: Հայաստանում գրանցված է թռչունների մոտ 350 տեսակ, մասնագետների համոզմամբ, թռչունների 110 տեսակը մեր երկրում վտանգված է: Չվող թռչունների համար լուրջ վտանգ են ներկայացնում հեռուստաաշտարակները, բարձրահարկ շինությունները, էլեկտրալարերը, էներգիայի այլընտրանքային աղբյուրները, ինքնաթիռները, որոնք մահացու արգելքներ են չվող թռչունների համար: 

Տարիներ շարունակ Civil Voice ՀԿ-ն անդրադարձել և բարձրաձայնել է Հայաստանում թռչունների խնդիրներին և իրականցրել մի շարք բովանդակային ծրագրեր՝ ի պաշտպանություն թռչունների և նրանց բնադրավայրերի: 

Վերջին տասնամյակում հատուկ ուշադրություն է դարձվում չվող թռչունների չուի ուսումնասիրությանը, որպես էկոլոգիական երևույթ իր բոլոր ասպեկտներով: Կենդանական աշխարհում չվող թռչուններին հատուկ է եղանակային պայմաններից կախված արեալը փոխելու հատկությունը: Կլիմայական փոփոխությունները ևս իրենց անդրադարձն են ունենում թռչունների չուի վրա։ Որոշ վայրերում կլիմայի գլոբալ տաքացման հետևանքով նկատվել են տաք ձմեռներ և վաղ գարուններ: Օրինակ Հայաստանում վերջին տարիներին արագիլները չեն չվում և մնում են ձմեռելու մեզ մոտ: Չվող թռչունները վերադառնալով իրենց բնադրավայրեր հաճախ բախվում են կերի պակասի հետ: Կլիմայի փոփոխությունները դառնում են նաև երաշտների պատճառ՝ ամեն տարի մեծացնելով անապատային այն տարածքները, որը թռչունները պետք է շրջանցեն: Թռչունները իրենց չուի ընթացքում բախվելով ինքնաթիռների հետ հաճախ զոհվում են։ Նման բախումներից խուսափելու համար վերջին տարիներին ստեղծվել են ռադարներ, որոնք ֆիքսում են թռչուններին, սակայն դա էլ 100%-ով չի կարող պաշտպանել թռչուններին և ինքնաթիռներին։ 

Թռչունների մասսայկան անկումներ են գրանցվում նաև հանքավայրերում կուտակված պոչամբարներում, օրինակ վերջերս Արարատի մարզում գտնվող պոչամբարում մեծ քանակությամբ թռչուններ իջևանել են դրա մակերևույթին և մահացել։ Նման դեպքերից խուսափելու համար անհրաժեշտ է կիրառել պաշտպանիչ ցանցեր, սակայն առավել արդյունավետ տարբերակ է գիշատիչ թռչունների ձայների ձայնագրությունը՝ թռչուններին հեռացնելու համար: 

Վերջին շրջանում ողջ աշխարհում կատարվող դեպքերի հետ կապված հարկ է նշել, որ թռչունները կարող են լինել նաև կորոնավիրուսի տարածողներ, ավելին` տեսականորեն նրանք կարող են վարակել մարդուն: Նման կարծիք է հայտնել թռչնաբան, կենսաբանական գիտությունների թեկնածու Եվգենիյ Կոբլիկը: <<Գոյություն ունեն թռչունների մի շարք հիվանդություններ, որոնք փոխանցվում են մարդուն, այդ թվում և վիրուսային, օրինակ թռչնագրիպը: Դա նորմալ երևույթ է բնության մեջ: Մենք վարակվում ենք վիրուսներով, ոչ միայն թռչուններից, այլև մի շարք այլ կենդանիներից>>,- ասել է նա: Սակայն մինչ օրս Covid-19-ով վարակման որևէ դեպք չի գրանցվել թռչնից մարդուն: Ներկայումս չկա նաև որևէ վարակման դեպք ընտանի կենդանուց մարդուն: Մինչդեռ հակառակ դեպքը գրանցվել է, երբ կորոնավիրուսով վարակված են եղել Նյու Յորքի կենդանաբանական այգում գնտվող 5 վագրերը և 3 առյուծները: 

Չնայած այս բոլոր վտանգներին և խնդիրներին, թռչունների չուն կարևոր նշանակություն ունի ոչ միայն տեսակի պահպանման, այլև բնության, գյուղատնտեսության, անտառատնտեսության, շրջակա միջավայրի համար: Թռչունների չուն հանդիսանում է աշխարհի ամենագեղեցիկ, զարմանահրաշ և առեղծվածային տեսարաններից մեկը: 

Civil Voice

Հասարակական ձայնը միասին դարձնենք գործոն