Այսօր Մայր Երկրի Միջազգային Օրն է

22 Ապր 2020

Այսօր Մայր Երկրի Միջազգային Օրն է

Երկրի oրվա պատմությունը սկսվել է բնապահպանական ակտիվիստ Գեյլորդ Նելսոնի նախաձեռնությամբ: 1970 թվականի ապրիլի 22-ին օրը նշվել է առաջին անգամ:
Մայր Երկրի միջազգային օրը հռչակվել Է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի՝ 2009թ. ապրիլի 22-ին կայացած 63-րդ նստաշրջանում: ‹‹Երկրի Օր›› տոնակատարության ժամանակ մեծ ուշադրություն է դարձվում շրջակա միջավայրի պահպանությանը, էկոկրթությանը և էկոլուսավորությանը:
Դեվիդ Կոմեն ասում է. <<Երբ մենք ներխուժում ենք էկոհամակարգ, մենք չգիտենք, թե ի՞նչ է մեզ սպասվում>>: Հնարավոր է, մենք շփման մեջ մտնենք նոր բակտերիաների, վարակների, վիրուսների հետ: Մենք հստակորեն չենք կարող ասել, որ ապագայում, որոշ ժամանակ անց մենք նոր վարակի ականատես չենք լինի: Մարդկության անվտանգության տեսակետից անչափ կարևոր է, որևէ վարակի, էպիդեմիայի դեպքում այն հետազոտել, ուսումնասիրել ծագման աղբյուրը և կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել: 

Ինֆեկցիաները, որպես այդպիսին բաժանվում են մի քանի խմբի՝ Անտրոպոնոզ վարակներ (փոխանցվում են մարդուց մարդուն), Սապրոնազային վարակներ (փոխանցվում են ոչ կենդանի օբյեկտներից՝ մարդուն, օրինակ բուտուլիզմը), և Անտրոպոզոոնոզ վարակներ (փոխանցվում են կենդանուց մարդուն և հակառակը): Հետաքրքիրն այն է, որ եթե Անտրոպոնոզ վարակները հնարավոր է հաղթահարել, ապա Անտրոպոզոոնոզ վարակների դեպքում դա այդպես չէ: 

2003թ.-ին հակահամաճարակային թոքաբորբը ի հայտ եկավ Չինաստանից: Ընդամենը 1 անձից վարակվել էր շուրջ 60 հոգի և օրերի ընթացքում այս վարակը գերարագ տեմպերով տարածվել էր Կանադայում, ԱՄՆ-ում, Իռլանդիայում, Սինգապուրում և այլ երկրներում: Վարակման աղբյուր էին հանդիսացել չղջիկները, որոնք շփման մեջ մտնելով այլ կենդանիների հետ՝ փոխանցվել են մարդուն: Այսինքն, վարակը անցավ զարգացման փուլ: Սակայն, չպետք է կարծել, թե չղջիկները վտանգավոր են, պարզապես նրանց տեսակների թիվը հասնում է 1240-ի, այսինքն ընդհանուր կաթնասունների շուրջ 1/5-րդը: 

Օդակաթիլային ճանապարհով վիրուսները ընդամենը օրերի ընթացքում կարող են ներթափանցել տարբեր երկրներ և այդպիսով տարածվել ողջ աշխարհով մեկ: Այսօր, ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 2,5 միլիոնը, իսկ Հայաստանում վարակվածների թիվը անցել է 1400-ի շեմը: Չնայած այս ամենին, ի զարմանս բոլորի բազմաթիվ երկրներում հայտարարված կարանտինը իր դրական անդրադարձը ունեցավ շրջակա միջավայրի վրա։ Տրանսպորտային միջոցների օգտագործման կտրուկ նվազեցման, բազմաթիվ արդյունաբերական ձեռնարկությունների հարկադրված ընդհատման արդյունքում՝ էապես իջել է օդի աղտոտվածության մակարդակը։ Մաքրվել են ջրային մակերևույթները, փոխվել է ջրի որակը: Այս օրերին Հայաստանի որոշ տարածքներում, այնպիսի հետաքրքիր թռչուններ են նկատվում, ինչպիսիք վերջին տարիներին պարզապես անհետացել էին մեր տեսադաշտից։ Բնությունն ասես ազատություն է ստացել և վայելում է այն: Այս ամենի ֆոնին բացասականը կայանում է նրանում, որ վարակը կանխելու նպատակով կիրառվող ամենատարբեր դիմակները, ձեռնոցները, պաշտպանիչ իրերը վերածվում են կենցաղային թափոնների և հասնում հսկայական ծավալների։ Դրանք լուրջ վտանգ են ներկայացնում շրջակա միջավայրի, մարդկանց և կենդանիների համար: Վարակի այլ աղբյուրները կանխելու նպատակով անհրաժեշտ է կուտակված նման կենցաղային աղբը ևս ախտահարել, քանի որ աղբավայրերից սնվում են մի շարք թռչուններ, մկնանման կրծողներ և այլ տեսակներ: 

Չնայած այս ամենին, երկիրը զարմանալի մոլորակ Է: Այն անհիշելի ժամանակներից պաշտպանում Է կյանքը իր ամենատարբեր տեսակների անհամար բազմազանությամբ: Ցավոք, մարդիկ դարեր շարունակ պատճառ են հանիսացել մի շարք ձևերի մասսայական բնաջնջման: Մինչդեռ մայր բնությունը շարունակում է մեզ հովհանի լինել՝ իր կանաչապատ տարածքներով, հողից ծնված բերք ու բարիքով, սարերի խորքից ելնող սառնորակ ջրերի պաշարներով և այլ բարիքներով: 

Վերջին տասնամյակում հետզհետե խորացող էկոլոգիական ճգնաժամին զուգահեռ, ավելի քան երբևէ մայր երկիրը կարիք ունի մարդկության համախմբված, գիտակից և պատասխանատու վերաբերմունքի՝ հանուն գալիք սերունդների ապահով ապագայի: 

Civil Voice

Հասարակական ձայնը միասին դարձնենք գործոն