ՀՀ օրենքում չկան սահմանված նորմեր դելֆինների պահման համար

05 Մար 2020

ՀՀ օրենքում չկան  սահմանված նորմեր դելֆինների պահման համար

Սույն թվականի մարտի 2-ին «Բլից Ինֆո» մամուլի ակումբում կայացավ Հայաստանում ներմուծված դելֆինների խնդրի առնչությամբ մամլո-ասուլիս, որի հյուրերն էին «Civil Voice» ՀԿ փորձագետ Սիլվա Ադամյանը, ներկայացուցիչ Նաիրե Սահակյանը և «Մեկ առողջություն» կոալիցիայի հիմնադիր Գրիգոր Գրիգորյանը:

«Civil Voice» ՀԿ փորձագետ Սիլվա Ադամյանի խոսքով իրենք դելֆինների առնչությամբ մի քանի նամակ են հղել ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին, Առողջապահության նախարարությանը, սակայն հստակ պատասխաններ չեն ստացել Գյումրիում գտնվող դելֆինարիումի գործունեության վերաբերյալ: Իրենց ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ գիտական մարմնի իրավասություն ունեցող միջգերատեսչական խորհուրդը, որը պետք է եզրակացություններ տար,  չի գործում, ինչը ենթադրում է, որ պետական կառույցներն իրականում չեն աշխատում:  Բնապահպանը նշեց նաև, որ դելֆիններն, ըստ էության, Հայաստանում ապօրինի են պահվում:

«Civil Voice» ՀԿ ներկայացուցիչ Նաիրե Սահակյանն էլ հավելեց, որ իրենք դելֆինների խնդրով սկսել են զբաղվել ավելի վաղ, դեռևս 2018թ-ից, երբ Դիլիջանի հյուրանոց  բերվել և պահվում էին դելֆիններ։ Այն ժամանակ ուսումնասիրելով փաստաթղթերը, ՀՀ օրենքը, առկա բոլոր խնդիրները և անհամապատասխանությունները ներկայացրել էին համապատասխան մարմիններին, որոնց առնչությամբ տեսչական մարմինը իրականացրել էր վարչական վարույթ։ Մինչդեռ, կարճ ժամանակ անց, իրենք կրկին բախվեցին նույն խնդրի հետ։

«Մեկ առողջություն» կոալիցիայի հիմնադիր Գրիգոր Գրիգորյանի խոսքով  դելֆինների մասով պետական մարմինների փաստաթղթերում տարբեր տվյալներ կան ներմուծվող կենդանիների տեսակների վերաբերյալ, ինչը կամ տեխնիկական սխալի հետևանք է կամ պետական մարմինների ոչ կոմպետենտ աշխատանքի: Վերջին դեպքում իրավիճակը պահանջում է իրավապահների միջամտությունը: Փորձագետը պարզաբանեց նաև, որ վայրի կենդանիները  վիրուսների ու հիվանդությունների կրող  հանդիսանալով, կարող են վտանգավոր լինել նաև մարդկանց համար: Ըստ Գրիգորյանի փաստաթղթերի հետ կապված խնդիրներից բացի, Հայաստանում դելֆիններ պահելու անթույլատրելիությունը պայմանավորված է նաև համապատասխան պայմանների բացակայությամբ:

Այսպիսով, մեր երկիրը չունի սահմանված նորմեր ՀՀ օրենսգրքում ծովային այս կաթնասունների պահման համար, մինչդեռ  դելֆինները շարունակում են բերվել, պահվել և շահագործվել մեր երկրում։ Իսկ Դելֆինների պահման ռիսկերի առնչությամբ պետական մարմիններին ուղղված դիմումները մնում են չպարզաբանված։ 

Civil Voice

Հասարակական ձայնը միասին դարձնենք գործոն