«Նարիպրոֆ» ՍՊ ընկերությունը ցանկանում է երկրաբանական աշխատանքներ իրականացնել «Արևիկ» Ազգային պարկի հարևանությամբ

02 Հլս 2019

«Նարիպրոֆ» ՍՊ ընկերությունը ցանկանում է երկրաբանական աշխատանքներ իրականացնել «Արևիկ» Ազգային պարկի հարևանությամբ

Սթ հունիսի 25-ին Մեղրու համայնքապետարանի շենքում տեղի ունեցավ «Նարիպրոֆ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՀՀ Սյունիք մարզի «Նռնաձորի պղինձ-ոսկեբեր հանքերևակումում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության իրավունքի ժամկետի երկարաձգման» շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ:

2016-19թթ ընթացքում «Նարիպրոֆ» ՍՊ ընկերությունը Նռնաձորի հանքային դաշտի սահմաններում 101.89 հա մակերեսի վրա իրականացրել է երկրաբանական - որոնողական աշխատանքներ, որոնց արդյունքների հիման վրա առանձնացվել է առավել հեռանկարային 51 հա մակերեսով տարածքը, որտեղ նախատեսվում է 2019-21թթ ընթացքում իրականացնել երկրաֆիզիկական հետազոտություններ:

Երկրաբանական առաջադրանքի համաձայն նախատեսվում է երկրաֆիզիկական հետազոտություններով ըստ խորության և տարածման հետամտել հանքային մարմիներն ու գնահատել հանքաքարի և մետաղների պաշարները:

Երկրաֆիզիկական մեթոդներից ընտրվել են մագնիսահետախուզությունն ու էլեկտրահետախուզությունը: Չափումներն իրականացվելու են 1:1000 մասշտաբով միմյանցից 50մ հեռավորության վրա գտնվող 18 պրոֆիլներով:  

Բացի դրանից, նախատեսվում է հանքային մարմիններից վերցնել յոթ տեխնոլոգիական նմուշներ յուրաքանչյուրը 30մ3 առավելագույն ծավալով: Տեխնոլոգիական նմուշների ընդհանուր  ծավալը կազմելու է շուրջ 210մ3:

«Civil Voice» ՀԿ փարձագետները, ովքեր ներկա էին քննարկմանը, գտնում են, որ ծրագրով նախատեսված երկրաֆիզիկական հետազոտությունները շրջակա միջավայրի վրա ազդեցություն չեն կարող ունենալ:

Շրջակա միջավայրի վրա որոշակի ազդեցություն կարող են ունենալ տեխնոլոգիական նմուշների վերցման ժամանակ կիրառվող տեխնիկական միջոցները: Հողային և հանութաբարձման աշխատանքների ընթացքում շրջակա միջավայր են արտանետվելու փոշի և թունավոր գազեր, որոնց հաշվարկը և ազդեցության չափը շրջակա միջավայրի բաղադրիչների վրա ընկերության կողմից չի ներկայացվել:

Անհրաժեշտ ենք համարում նշել, որ հանքերևակումը գտնվում է Նռնաձոր գյուղից մոտ 5կմ հյուսիս-արևմուտք, Զանգեզուրի կենսոլորտային համալիրի մաս կազմող «Արևիկ» ազգային պարկի հարևանությամբ: 

Civil Voice

Հասարակական ձայնը միասին դարձնենք գործոն