Մայիսի 11` Չվող թռչունների համաշխարհային օր

10 Մայ 2019

Մայիսի 11` Չվող թռչունների համաշխարհային օր

Այս տարի Մայիսի 11-ը նշվում է որպես Չվող թռչունների համաշխարհային օր։

Առաջին անգամ այն  նշվել 1993թ-ին Ամերկյան «Կորնելա» լաբորատորիայի փորձագետների պահանջով՝ 1906թ-ի Թռչունների պահպանության միջազգային  կոնվենցիայի հիման վրա։ Նրանք փորձել են մարդկության ուշադրությունը հրավիրել գլոբալ էկոլոգիական փոփոխությունների վրա, որոնք ոչնչացնում են  թռչունների գոյատևման համար կարևորագույն էկոհամակարգերը։

Կլիմայական փոփոխությունները ևս իրենց անդրադարձն են  ունենում թռչունների չուի վրա։ Այսպես օրինակ, որոշ վայրերում արդեն սկսել են նկատվել  տաք ձմեռներ և վաղ գարուններ: Եվ չվող թռչունները վերադառնալով իրենց բնադրավայրեր հաճախ բախվում են կերի պակասի հետ:  Կլիմայի փոփոխությունները դառնում են նաև երաշտների պատճառ՝ ամեն տարի մեծացնելով անապատային այն տարածքները, որը թռչունները պետք է շրջանցեն:

Այս տարի օրը հատկանշական է նրանով, որ շեշտադրումը դրված է «Թռչունները և պլաստիկ թափոնները»։

Գիտնականները ուսումնասիրություններ են կատարել օվկիանոսներում, ծովերում և  բազմաթիվ թռչունների ստամոքսում, կերակրափողում, կտուցում հայտնաբերել պլաստիկ իրեր, որոնք դարձել են թռչնի անկման պատճառ։ Ի՞նչպես է պատահում, որ ջրաճահճային թռչունը պլաստիկը դիտարկում է որպես կեր։ Գիտնականները հայտնաբերել են, որ ջրիմուռները իրենց փտման պրոցեսի ժամանակ ջրի մեջ արտանետում են դիմետի սուլֆիդ։ Այն պլաստիկը, որ երկար ժամանակ մնում է ջրում ներծծվում է այդ նյութով և թռչունների մոտ ստեղծում  խափկանք։ Թռչունները  իրենց բնազդին համաձայն պլաստիկը դիտարկում են որպես սնունդ։  Պլաստիկը նաև իրենից մեծ վտանգ է  ներկայացնում շրջակա միջավայրի համար, երբ թռչունները դիտարկում են դա որպես բույն պատրաստելու նյութ։ Մենք ունենք նման փորձ, երբ  ուսումնասիրելով Սուրենավանի (2015թ)  և  Արմաշի (2017թ)   բները  հայտնաբերեցինք, որ արագիլների բների զգալի մասում կար պլաստիկե նյութեր։ Փոքրիկ ձագուկները չգիտակցելով կարող են կուլ տալ պլաստիկե որևէ մաս, խճճվել պլաստիկե թելերի կամ տոպրակների մասերի մեջ։

Շատ վտանգավոր են նաև վիրուսները և ինֆեկցիաները, որոնք տարածվում են չվող թռչունների միջոցով։ Դրանք կարող են տարածվել տարբեր միջատների միջոցով և օդակաթիլային ճանապարհով։ Միջազգային առողջապահական կազմակերպությունը ժամանակ առ ժամանակ հանդիպումներ է կազմակերպում այս խնդիրները լուծելու համար։ Դրանք կարող են լինել տարբեր խմբերի հարուցիչներ, վիրուսներ, սնկեր, միկոպլազմաներ, բացիլներ և բակտերիաներ։ Դրանք կարող են տարբեր տեսակի հիվանդություններ առաջացնել, օրինակ էնցեֆալիտը, տուլյարեմիա, բրուցելիոզ և այլն։ Կարելի է ասել, որ նոր վիրուսների տեսակները տարեց տարի ավելանում են։ Շատ հատկանշական է գրիպի վիրուսը, որը նույնպես տարբեր ձևերով տարածվում է աշխարհով մեկ։ Դրանցից մեկը թռչնագրիպն է, որի հետազոտությունը կատարվում է պարբերաբար աշնանը և գարնանը՝ միգրացիայի ընթացքում։ Աղբի մեծ քանակությունը կարող է նպաստել նաև քաղաքներում տարբեր վիրուսների և ինֆեկցիաների տարածմանը։

Թռչունները չուի ընթացքում կայանելով գյուղատնտեսական հողերում կարող են սնվել սերմերով, արմատներով, միջատներով։ Արդեն գաղտնիք չէ, որ գյուղատնտեսական հողերը ներծծված են պարարտանյութերով, որոնք կարող են լուրջ ազդեցություն ունենալ թռչունների սերնդի վրա։

Թռչունները հաճախ բախվում են նաև ինքնաթիռների հետ։ Առաջին բախումը եղել է Ամերիկայում 1912թ-ին։ 60-ական թվականներին վիճակը ավելի է բարդացել և բախումների քանակը ավելացել է։  Հաշվի առնելով խնդրի կարևորությունը ստեղծվել է Եվրոպական կոմիտե (30 երկիր), որը բաղկացած է տարբեր մասնագետներից՝ թռչնաբաններ,  օդաչուներ և այլն։ Վերջին տարիներին ստեղծվել են ռադարներ, որոնք ֆիքսում են թռչուններին, սակայն դա էլ 100%-ով չի կարող պաշտպանել թռչուններին և ինքնաթիռներին։

Օդանավակայանի խոտածածկ տարածքում հավաքվում են մեծ քանակով թռչուններ, որոնց պետք է հեռացնել օդանավակայանի տարածքից։ Վերջին տարիներին դա արվում է շատ հետաքրքիր մեթոդով։ Ձայնագրությունների միջոցով արտաբերում են գիշատիչ թռչունների ձայներ, որը նպաստում է թռչունների հեռացմանը օդանավակայանի տարածքից։

Այս օրերին փորձում ենք հանրության ուշադրությանը հրավիրել միգրացվող թռչունների խնդիրներին, որոնք կարող են լուրջ բնապահպանական աղետների պատճառ հանդիսանալ։ 

 

Civil Voice

Հասարակական ձայնը միասին դարձնենք գործոն