Աշխատանքային խմբի անդրանիկ հանդիպումը ԱԺ-ում

10 Մայ 2019

Աշխատանքային խմբի անդրանիկ հանդիպումը ԱԺ-ում

ՍԹ մայիսի 6-ին կայացավ ՀՀ ԱԺ ՏՏԳԲ հարցերի մշտական հանձնաժողովում ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովին կից գործող հանքարդյունաբերության օրենսդրության վերլուծության աշխատանքային խմբի անդրանիկ հանդիպումը:

Ներկա էին բնապահպանության նախարարության և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Civil Voice ՀԿ-ը ներկայացնում էր Շահեն խաչատրյանը:

Հանդիպման ընթացքում ներկաները ներկայացրեցին ընդերքի ոլորտը կարգավորող օրենսդրության բացերն ու հանդես եկան առաջարկություններով:

Շահեն Խաչատրյանը հանգամանալից ներկայացրեց հանքարդյունաբերության ոլորտում առկա որոշ հիմնախնդիրներ՝ դրանք կապելով օրենսդրության բացերի և հոդվածների ոչ հստակ ձևակերպումների հետ: Նշելով նաև միմյանց հակասող դրույթների և երկիմաստ ձևակերպումների մասին, որոնք կարիք ունեն վերաձևակերպման:

Նա անրադարձավ նաև արդյունահանման աշխատանքային ծրագրերի խախտումներին և հանքավայրը շահագործող անձնակազմի պրոֆեսիոնալիզմին նշելով, որ հանքավայրերը հաճախ շահագործվում են  առանց պահպանելու նախագծային ցուցումները, և բացի դրանից, հանքավայրերը հաճախ շահագործվում են ոչ պրոֆեսիոնալներ, որն էլ պատճառ է դառնում շրջակա միջավայրի գնահատվածից ավելի շատ աղտոտման, տեխնածին ռիսկերի և ընդհուպ մինչև դժբախտ դեպքերի առաջացմանը:

Նա անթույլատրելի համարեց հանքավայրերից արդյունահանվող հանքաքարի քանակների ավելացումը, քանի որ դրանով ընկերությունները ապահովում են գերշահույթներ իսկ հանքավայրերի ծառայման ժամկետները կրճատվում են երկու, երեք և ավելի անգամներ:

Պակաս կարևոր չեն նաև պոչամբարների կառուցման և շահագործման խնդիրները: ՀՀ –ում առկա գրեթե բոլոր պոչամբարները բացառությամբ մեկ կամ երկուսի, կառուցվել են խորհրդային ժամանակներում այն ժամանակվա պահանջներին համապատասխան: Այսօր դրանք գերծանրաբեռնված ռեժիմով են շահագործվում, որոշներ վաղուց սպառել են իրենց նախագծային ծավալները:

Պոչերի կուտակման համար լրացուցիչ ծավալներ ստեղծելու նպատակով որոշ ընկերություններ առանց թույլտվության պատվարների կառուցման աշխատանքներ են իրականացնում, որի առնչությամբ ՀՀ օրենսդրությամբ համապատասխան պատասխանատվություններ սահմանված չեն:

Ի թիվս նշվածների բարձրացվել են նաև ուրիշ հիմնախնդիրներ և առաջարկվել է դրանց լուծման ճանապարհները:

Լուսանկարը՝ https://www.facebook.com/tehmine.yenoqyan/posts/2225353427511199 

Civil Voice

Հասարակական ձայնը միասին դարձնենք գործոն