Ալյումինիումի և պղնձի ձուլման արտադրամաս Երևանում

25 Ապր 2019

Ալյումինիումի և պղնձի ձուլման արտադրամաս Երևանում

Սթ ապրիլի 19-ին Շենգավիթի վարչական շրջանի Շիրակի փողոց 82/9 հասցեում  տեղի ունեցավ «Էդմետ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված «Ալյումինի և պղնձի վերամշակում ձուլման եղանակով» շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի հանրային քննարկումը: Քննարկմանը մասնակցում էին նաև Civil Voice ՀԿ փորձագետները:

Հայտի համաձայն «ԷԴՄԵՏ» ՍՊ ընկերությունը նախատեսում է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի արդյունաբերական գոտում կառուցել մետաղական կոնստրուկցիայով ալյումինի և պղնձի վերամշակման արտադրամաս, որտեղ երկու հոսքագծերով տեղակայված գազային վառարաններում մետաղների ջարդոնից ձուլվելու են ալյումինիում և պղինձ: Ըստ ընկերության հաշվարկների տարեկան նախատեսվում է ստանալ  2000 – 3000 տ ալյումինիում և 1000 – 1500 պղինձ:

Հալված և մաքրված մետաղը լցվելու է հատուկ կաղապարների մեջ և բնական եղանակով հովանալուց հետո տեղափոխվելու է պահեստ, որտեղից էլ կառաքվի գնորդ կազմակերպություններին:

Գործունեությունն իրականացվելու է ՀՀ կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 8-ի թիվ 1153-Ա որոշմամբ «ԷԴՄԵՏ» ՍՊ ընկերությանը տրամադրված վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման լիցենզիայի շրջանակներում:

Նախատեսվող գործունեությունն իր մեջ պարունակում է որոշակի ռիսկեր: Ձուլման պրոցեսի ընթացքում առաջանալու են թունավոր նյութեր պարունակող ծխագազեր՝ ազոտի, ածխածնի, ծծմբի օքսիդներ և պինդ մասնիկներ:

Արտանետումների բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի և մարդկանց առողջության վրա բացառելու և նվազագույնի հասցնելու նպատակով նախատեսված է վառարանները կահավորել բազմաստիճան մաքրման հարմարանքներով, ներառյալ թևքային զտիչներ և սկրուբերներ:

Նախատեսվում է պարբերաբար իրականացնել բանվորական միջավայրի, դեֆլեկտորների և վառարանային հանգույցի մոնիթորինգ և անհրաժեշտության դեպքում՝ սարքավորումների կարգաբերում:

Քննարկան ժամանակ Civil Voice ՀԿ փորձագետները առաջ քաշեցին ձուլման պրոցեսից առաջացող երկրորդային թափոնների ուտիլիզացիայի հարցը: Ձուլման հոսքագծերի վերանորոգման աշխատանքներից ու ֆիլտրերի երաշխիքային ժամկետները լրանալուց հետո առաջանալու են երկրորդային թափոններ, որոնց վերամշակման կամ ուտիլիզացման համար նույնպես անհրաժեշտ է նախատեսել համապատասխան միջոցառումներ, որոնք հանգամանալից պետք է ներկայացվեն ՇՄԱԳ հաշվետվությունում: 

Civil Voice

Հասարակական ձայնը միասին դարձնենք գործոն