Ապրիլի 1. թռչունների պաշտպանության միջազգային օր

01 Ապր 2019

Ապրիլի 1. թռչունների պաշտպանության միջազգային օր

1906թ-ի ապրիլի 1-ին ստորագրվել է թռչունների պահպանության մասին միջազգային կոնվենցիան և այդ օրվանից ի վեր ապրիլի 1-ը ողջ աշխարհում նշվում է, որպես թռչունների պաշտպանության միջազգային օր:

Աշխարհում գոյություն ունեն ավելի քան 9800 տեսակի թռչուններ: Հայաստանը իր փոքր տարածքի համեմատ  բավականին հարուստ թռչնաշխարհ ունի: Նրա սահմաններում հայտնաբերված և ուսումնասիրված է շուրջ 351 տեսակի  թռչուններ, որոնցից կարմիր գրքում  գրանցված են 110-ը:

Հայաստանում թռչունների լուրջ խնդիրներից է որսագողությունը և անազատության մեջ պահվող թռչունները: Հաճախ որսագողության զոհ են դառնում կարմիր գրքային կենդանիներ, ինչպես օրինակ սպիտակագլուխ անգղերը: Թռչունների ոչնչացման պատճառներից են նաև անտառային տարածքների կրճատումը, աղտոտվածությունը, ջրային տարածքների չորացումը, Սևանա լճի ոչ կայուն էկոլոգիական վիճակը, լայն թափ առնող քաղաքաշինությունը՝ կանաչ տարածքների հաշվին:

Հաշվի առնելով այս և մի շարք այլ խնդիրներ, Civil Voice ՀԿ-ը 2017թ-ի գարնանը  տեղադրեց  թոչնաբներ՝ երգեցիկ թռչունների համար, որոնք հանդիսանում են նաև կենսաբանական պայքարի միջոց միջատների դեմ: Կլիմայի փոփոխությունը ևս լուրջ խնդիր է հանդիսանում  թռչունների համար, որի հետ կապված 2018թ տեղադրեցինք արագիլների համար նախատեսված անվտանգ բներ:

Թռչունները լուրջ նշանակություն ունեն բնական շղթայի մեջ: Նրանք շրջակա միջավայրի աղտոտվածության ցուցիչներն են, կանաչ տարածքների սանիտարները. մաքրում են կրծողներից և միջատներից, իսկ անգղները մաքրում են լեշերից: Մինչդեռ մարդիկ երբեմն իրենց վերաբերմունքով պատճառ են դառնում թռչունների ուղղակի ոչնչացման:

Սիրելի ընթերցողներ, թռչունները բնության հրաշալիքներն են: Թռչունները ազատության, հոգու, քաջության խարհրդանիշ են: Թռչունները ամենագրավիչ և ամենաօգտակարն են, որոնց հետ համատեղ մենք ապրում ենք երկիր մոլորակի վրա: 

Civil Voice

Հասարակական ձայնը միասին դարձնենք գործոն