Հարցեր Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանին

26 Նմբ 2018

Հարցեր Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանին

Նոյեմբերի 23-ին Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը հանդես եկավ հաշվետվությամբ՝ վերջին 6 ամսում ոլորտում իրականացված բարեփոխումների և ձեռքբերումների վերաբերյալ։ Հանդիպմանը ներկա էին  ԶԼՄ-ների և բնապահպանության ոլորտում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում և «Civil Voice» ՀԿ փորձագետ Սիլվա Ադամյանը և ներկայացուցիչ Նաիրե Սահակյանը։

Նախարարի պաշտոնակատարը խոսեց համակարգային մի շարք բարելավումների՝ պոչամբարների ամբողջական գույքագրման, հանքավայրերի ազդեցությունների մոնիթորինգի համակարգի, կլիմայական գործընթացի վերաբերյալ բանակցությունների մասին և այլն։

Հաշվետվության ներկայացումից հետո Էրիկ Գրիգորյանը պատասխանեց հնչած մի շարք հարցերին։ «Civil Voice» ՀԿ փորձագետ Սիլվա Ադամյանը ևս բարձրացրեց ոլորտում մի շարք արդիական խնդիրներ։ Սիլվա Ադամյանը ներկայացրեց մի շարք հասարակական կազմակերպությունների տեսակետը՝ «Տեղեկատվության և ազատության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։ Հասարակական կազմակերպությունները պահանջում են անցկացնել վերը նշված օրենքի հետ կապված հանրային լսումներ և պատրաստ են այդ հանրային լսումներում ակտիվ մասնակցություն ունենալ՝ ներկայացնելով առաջարկներ։ Էրիկ Գրիգորյանը նշեց, որ իրենք լայն քննարկումներ կիրականացնեն, որպեսզի հասարակության տեղեկատվություն ստանալու իրավունքը չոտնահարվի։

Իր հարցման ընթացքում Սիլվա Ադամյանը  անդրադարձավ նաև Ամուլսարի խնդրին։ Նա հորդորեց նախարարին լրջագույնս վերաբերվել ՀՀ անկախ փորձագետների եզրակցություններին  և թույլ չտալ, որպեսզի մասնավոր ընկերությունները որևէ կերպ վիրավորեն և կասկածի տակ դնեն մեր փորձագետների  եզրակացությունները։ Նա նաև անդրադարձավ միջազգային փորձագետների ընտրությանը։ Ցավոք, նախարարը նշեց, որ մինչ օրս այդ փորձագետները չեն ընտրվել։ Սիլվա Ադամյանը հավելեց, որ փորձագիտական եզրակացությունների ձգձգումը ստեղծում է լարված իրավիճակ։ 

Civil Voice

Հասարակական ձայնը միասին դարձնենք գործոն