Բնապահպանական ոլորտի առաջարկներ Երևանի քաղաքապետարանին

22 Նմբ 2018

Բնապահպանական ոլորտի առաջարկներ Երևանի քաղաքապետարանին

Բնապահպանական խնդիրները դրանք բազմաբնույթ են և ներառում են իրենց մեջ բազմաթիվ գործոններ, որտեղ կանաչապատումը միայն մի գործոնն է։

1․Ջուր։ Ոռոգման համակարգը, բացի նրանից, որ անսարք է և ոչ ճիշտ ձևավորված, նաև չի ներառում իր մեջ տարածքների ոռոգման նորագույն մեթոդներ՝ կաթիլային, Երևանի խորքային ջրերի օգտագործում, նոր ջրային օազիսների ստեղծում, որոնք կնպաստեն կանաչ տարածքների ընդլայնմանը և կլիմայական փոփոխությունների ազդեցության  մեղմացմանը Երևան քաղաքում։

2․ՀՈՂ։ Անկանոն կառուցապատման պատճառով ոչնչացվել է Երևան քաղաքի հողի բերրի շերտի մի մասը, որը վերականգնման կարիք ունի այն տարածքներում, որտեղ պետք է անցկացվի կանաչապատումը։ Քանի որ Երևանը գտնվում է կիսանապատային և կիսատափաստանային գոտիներում, ապա կա լուրջ խնդիր հողի վերին շերտի բարելավման հետ։ Բազմաթիվ արտադրական տարածքներում՝ Երևանում և Երևանի մերձակայքում անցկացնել հետազոտություններ հողի, ջրի աղտոտվածության և կիրառել համապատասխան միջոցներ դրանց վերականգնման համար։

3․Կանաչ  տարածքներ։ Մինչ կանաչապատման գործընթացը սկսելը պետք է անցկացվի կանաչ տարածքների անձնագրավորում և մշտադիտարկում, այնուհետև նոր մշակել ստացված տվյալները և սկսել քաղաքի կանաչապատումը։ Մեծ ուշադրություն դարձնել սողանքային գոտիներին, մասնավորապես մոնումենտի լանջերին, որոնք սողանքային գոտի են և կանաչապատված են եղել տարբեր տեսակի ծառերով և թփերով։ Այս անտառը ուներ հատուկ նշանակություն պաշտպանելու քաղաքի այս տարածքը սողանքներից,  իսկ քաղաքը քամուց և փոշուց։ Քաղաքում կան նաև այլ սողանքային գոտիներ, օրինակ  Նոր Նորքի 7-րդ,8-րդ և 9 –րդ զանգվածները, որոնք կառուցապատված են, բայց հիմա էլ արդեն նկատվում է սողանքի ակտիվացում։ Սողանքային գոտի կա նաև Աջափնյակ վարչական շրջանում, որտեղ  ժամանակին նախատեսված կառուցապատման աշխատանքները բերել են շենքերի վթարային  իրավիճակի ստեղծման։ Նույնիսկ նոր կառուցապատումը այդ տարածքում վտանգված է։ Անհրաժեշտ է մասնագետների լուրջ փորձաքննություն, իրավիճակի զննում և խնդրի լուծումների ներկայացում։

Առաջարկում ենք կանաչապատման աշխատանքները սկսել  Երևան տանող բոլոր ճանապարհների կանաչապատումից, վերածելով այն ծառուղու։ Դա կլինի նաև պաշտպանիչ շերտ քամիներից  և կմեղմանցնի կլիմայական փոփոխությունների ազդեցությունը։ Ներկայացնում ենք Ձեզ մասնագիտական ուղեցույցից մի մաս, որը կօգնի կանաչապատման գործում։

Ցավոք, Ձեր ծրագրից դուրս են մնացել Երևան քաղաքի կենսաբազմազանության խնդիրները, որոնք անբաժան մասն են բնապահպանական խնդիրների․

 4․Երևանում  և մերձակայքում բնակվում են 120-ից  ավելի թռչուններ, որոնցից 20-30-ը միջատակերներ են, իսկ մի քանիսը ամենակեր թռչուններ։ Թռչունների առկայությունը կանաչ գոտիներում, պուրակներում պաշտպանում է  միջատներից, որոնք տարածում են բազմաթիվ հիվանդություններ՝ ծառերի և թփերի շրջանում։ Միջատակեր թռչունները հանդիսանում են կենսաբանական պաշտպանիչ միջոց։ Քանի որ հատվել են բազմաթիվ ծառեր, բնադրավայրերը նվազել են, ուստի  մենք ստեղծում ենք արհեստական բներ, որոնք հատուկ գիտական մեթոդաբանությամբ  տեղադրվում են այն  տեղ, որտեղ կան խիտ կանաչ տարածքներ ( կանաչ տարածքների պաշտպանության կենսաբանական միջոց)։

Որքան էլ տարօրինակ հնչի քաղաքի մաքրման խնդրում մեծ նշանակություն ունեն ագռավները և կաչաղակները, որոնք ամենակեր են և սնվում են նաև աղբի մնացորդներով։ Դրանց պոպուլյացիան քաղաքում աճում է՝ պայմանավորված քաղաքի ոչ նպաստավոր սանիտարահիգենիկ պայմաններով։

Կենսաբազմազանության մեծ մաս են կազմում թափառող շները և  կատուները։ Այս  խնդիրը լուրջ կարգավորման անհրաժեշտություն ունի։ Նրանց աճը նաև պայմանավորված է քաղաքի աղտոտվածությամբ և կրծողների քանակության ավելացմամբ։ Կրծողների մեծ մասը կազմում են առնետները և սովարական փոքր մկները, որոնք հանդիսանում են  վարակակիրներ (օրինակ ժանտախտ, տուլարեմիա)։ Վերջին տարիներին կրծողների քանակը խիստ ավելացել է անբարենպաստ սանիտարահիգենիկ պայմանների պատճաով։ Կրծողների բնակության և կերակրման վայր են հանդիսանում  բազմաբնակարան շենքերի աղբամուղեր, աղբի կուտակումները քաղաքի տարբեր բնակավայրերում, նաև քաղաքային աղբամաններ։

Կենդանիների մեծ զանգված բնակվում է խոշոր աղբավայրերում։ Դրանք կրծողներ են, թռչունների զգալի զանգված և միջատներ, որոնք կարող են իրենց սնունդը հայթայթել այստեղ։ Մեծ աղբավայրերը պատշաճ կառավարում չունեն։ Ըստ իս կենդանական աշխարհ-մարդ - սանիտարահիգետիկ վիճակ, սրանք այն 3 գործոններն են, որոնք խիստ կապված են իրար հետ։ Դրանց  ուսումնասիրությունը և մշտադիտարկումը անհրաժեշտ է քաղաքի բնապահպանական կայունության համար։ Առաջին հերթին պետք է կարգավորվեն աղբահանության խնդիրները և անհապաղ լուրջ կառավարման ենթարկվեն քաղաքի աղբավայրերը, որոնք, ցավոք անմխիթար վիճակում են։ Այս վիճակը կարող է բերել բազմաթիվ լուրջ ինֆեկցիոն հիվանդությունների տարածմանը Երևանք քաղաքում։

5․Քաղաքի լուրջ խնդիրներից մեկը սելավատար ուղիների ոչ պատշաճ վիճակն է, մի քանի տարի է ինչ Երևանը անձրևներց հետո հայտնվում է բավականին լուրջ վիճակում՝ չունենալով սելավատարների համապատասխան քանակություն։  Եղած սելավատարներն էլ աղտոտված են, լցված աղբով և չեն կարողանում ապահովել քաղաքի անվտանգությունը։ Անհրաժեշտ է սելավատար ուղիների մաքրում, նոր նախագծում և համագործակցություն «Երևան ջուր» կազմակերպության հետ։

6․Օդի աղտոտվածության խնդիրները։ Այս քանակությամբ կանաչ տարածքները չեն կարող ապահովել քաղաքային օդի մաքրությունը, որը պայմանավորված է նաև քաղաքում և մերձքաղաքային տարածքներում ավազի և այլ հանքերի առկայությամբ։ Վերջիններս լուրջ ազդեցություն ունեն քաղաքի օդի աղտոտվածության գործում։ Պետք  է համագործակցել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հետ, իրականցնել մշտադիտարկում և առավելագույնս  ապահովել նրանց անվտանգ աշխատանքը։

Մեքենաների մեծ քանակությունը ևս լուրջ գործոն է հանդիսանում քաղաքային օդի աղտոտվածության հարցում։ Խնդրի լուծումը տեսնում ենք հետևյալում․ քաղաքաիային տրանսպորտի և մասնավոր մեքենաների տեխզննումը անցնում է ոչ պատշաճ մակարդակով և մակերեսորեն։ Դա է պատճառը, որ անսարք մեքենաները օրվա 24 ժամը կարող են աղտոտել քաղաքի օդը և մնալ անպատիժ։ Դրանք և՛ բեռնակիր մեքենաներն են, և՛ ավտոբուսները, և՛ ինչու ոչ մարդատար մեքենաները։ Առաջարկում ենք սահմանափակել որոշ տրանսպորտային միջոցների մուտքը Երևանի կենտրոնական փողոցներ, մասնավորապես բեռնատարների, որոնք բաց թափքով են և ոչ պատշաճ տեխնիկական վիճակում։

Առաջարկում ենք վերգետնյա մետրոյի ստեղծում, (որը քիչ աշխատատար է, ֆինանսապես նպատակահարմար և Էկոլոգիապես ավելի մաքուր), էլեկտրական տրանսպորտի զարգացում, շրջանցիկ ճանապարհների օգտագործում և երթուղային տաքսինների կիրառում միայն քաղաքից դուրս։  Հրավիրել մասնագետների, որոնք ծանոթ են էկո- ճարտարապետությանը և կարող են նախագծել շենքեր, որոնք համապատասխանում են բնապահպանական բոլոր ստանդարտներին։

 

http://civilvoice.am/files/namak%20paron%20Hayk%20Marutyanin.pdf

http://civilvoice.am/files/scan.jpeg

http://civilvoice.am/files/scan%201.jpeg

http://civilvoice.am/files/scan%202.jpeg 

 

Civil Voice

Հասարակական ձայնը միասին դարձնենք գործոն