«Կապանի ԼՀԿ» ՓԲ Ընկերությունը ցանկանում է Շահումյանի ոսկի-բազմամետաղական հանքավայրի աշխատանքային նախագծում փոփոխություններ իրականացնել

01 Նմբ 2018

«Կապանի ԼՀԿ» ՓԲ Ընկերությունը ցանկանում է Շահումյանի ոսկի-բազմամետաղական հանքավայրի աշխատանքային  նախագծում փոփոխություններ իրականացնել

Ս/թ հոկտեմբերի 30-ին ՀՀ Սյունիքի  մարզի Կապանի համայնքապետարանի շենքում տեղի ունեցավ «Կապանի ԼՀԿ» ՓԲ Ընկերության կողմից ներկայացված Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրի ստորգետնյա եղանակով մշակման նախագծային փաստաթղթերում առաջարկվող փոփոխությունների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի հանրային քննարկումներ (2-րդ հանրային քննարկում): Քննարկումներին ներկա էին նաև «Civil Voice» ՀԿ փորձագետ Շ.Խաչատրյանն ու ներկայացուցիչ Մ.Համբարձումյանը:

Շահումյանի հանքավայրում ներկայումս արդյունահանման աշխատանքներն իրականացվում են 2011թ-ին հաստատված նախագծի շրջանակներում: Սակայն փորձը ցույց է տվել, որ գործող նախագծում կան բարելավման ենթակա մի շարք արտադրական հանգույցներ: Այդ բարելավումներն իրականացնելու նպատակով ընկերությունը մշակել է գործող նախագծում անհրաժեշտ փոփոխությունների փաթեթ:

Փոփոխություներն հիմնականում ուղղված են՝ 1. հանքաքարի կորզման ցուցանիշների բարձրացմանը, 2. լեռնակապիտալ և նախապատրաստական փորվածքների հորատանցման արդյունքում փաստացի առաջացող և լցափակման մեջ չօգտագործված դատարկ ապարի տեղադրման, կույտավորման և կույտագոյացման գործընթացներին, 3. օդափոխման համակարգի արդյունավետության բարձրացմանը:

Փորձագետ Շ.Խաչատրյանն իր ելույթում նշեց, որ ողջունելի են հանքավայրի արդյունահանման աշխատանքներն ավելի արդյունավետ իրականացնելուն ուղղված ընկերության նպատակները և ապա հարցեր ուղղեց ընկերության ու համայնքի ներկայացուցիչներին, թե որքանով է ընկերությունը կատարում համայնքի նկատմամբ սոցիալական ուղղությամբ ստանձնած պարտավորույթունները, որից հետո անրադարձավ բոլոր այն ռիսկերին, որոնք կարող են առաջանալ հանքավայրի հետագա շահագործման ժամանակ: 

Ընկերության ներկայացուցիչների և փորձագետի միջև տեղի ունեցավ կառուցողական քննարկում: Փորձագետն առաջարկեց հիմնական նախագծում հիմնավոր կերպով ներկայացնել նախագծի փոփոխման անհրաժեշտությունն ու ներդրվելիք եղանակների արդյունավետությունը, գնահատել դատարկ ապարների թթվագոյացնող պոտենցիալը և անվերապահորեն նախատեսել դրանց կապսուլավորումն ու ռեկուլտիվացիան: 

Civil Voice

Հասարակական ձայնը միասին դարձնենք գործոն