Կլոր-սեղան քննարկում` Ամուլսարի հանքավայրի շահագործման ռիսկերի վերաբերյալ

24 Սեպ 2018

Կլոր-սեղան քննարկում` Ամուլսարի հանքավայրի շահագործման ռիսկերի վերաբերյալ

Երևանի պետական համալսարանի Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում գործող Կայուն զարգացման կենտրոնը սեպտեմբերի 14-ին կազմակերպել էր կլոր-սեղան քննարկում` Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված ռիսկերը թեմայով:

Civil Voice ՀԿ-ի փորձագետներ Սիլվա Ադամյանը, Սեյրան Մինասյանը և Շահեն Խաչատրյանը, ներկայացրին բնապահպանական այն հիմնախնդիրները, որոնք կարող են ի հայտ գալ հանքավայրը շահագործելու ընթացքում:

Civil Voice-ի փորձագետները առաջին անգամ  ներկայացրին վերջին մեկուկես տարվա ընթացքում կատարված գիտական որոշ հետազոտությունների նախնական արդյունքներ: Դրանք ցույց են տալիս, որ հանքավայրի գոտու ջրավազանի և Ջերմուկի հանքային ջրերի, Սպանդարյան-Կեչուտ ջրատար թունելի վրա հանքի շահագործման ազդեցությունների բացակայության մասին Լիդիան ընկերության պնդումները գիտականորեն հիմնավորված չեն:

Գործնականում, Լիդիանի կողմից ջրավազանների վրա հնարավոր ազդեցությունների բացահայտման և գնահատման նպատակով իրականացված հետազոտական ծրագիրը թերի է և համարժեք չէ նպատակին: Ամուլսարի գոտու և Ջերմուկի հանքային ջրերի ծագումնաբանականը կապի ուսումնասիրություններն իրականացվել են մեթոդական թերություններով: Ստացված ինֆորմացիայի   ծավալը և որակը իրականում թույլ չեն տալիս կատարել այն եզրակացությունները, որոնք ներկայացրել է Լիդիան ընկերությունը և առհասարակ տալ գիտականորեն խիստ հիմնավորված եզրակացություններ:

«Ջերմուկի  ջրերի վրա ազդեցության բացակայության  Լիդիանի կողմից բերված փաստարկները հիմնավոր չեն», -իր ելույթում նշեց Սեյրան Մինասյանը՝ հավելելով՝ «պետք է վերջնականորեն ապացուցվի, որ ոչ միայն հիմա կապ չկա, այլև հետո էլ՝ հանքավայրը շահագործելու ընթացքում, կապ չի առաջանա»։

Բուռն քննարկման ժամանակ մասնակիցները մտահոգություն հայտնեցին հանքավայրի շահագործման ռիսկերի ոչ լիարժեք գնահատված լինելու առնչությամբ: 

Հանդիպմանը մասնակցում էին նաեւ ՀՀ Արտակարգ իրավիճակների, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունների եւ ՀԿ-ների ներկայացուցիչներ: 

;

Civil Voice

Հասարակական ձայնը միասին դարձնենք գործոն