«Ախթալա ԼՀԿ» ՓԲ Ընկերությունը շարունակում խախտել ՀՀ օրենսդրությունն ու ապականել շրջակա միջավայրը

06 Հնս 2018

«Ախթալա ԼՀԿ» ՓԲ Ընկերությունը շարունակում խախտել ՀՀ օրենսդրությունն ու ապականել շրջակա միջավայրը

«Civil Voice» Հասարակական կազմակերպությունը հավատարիմ մնալով իր սկզբունքներին բազմիցս անդրադարձել է «Ախթալա ԼՀԿ» ՓԲԸ-ի գործունեության հետևանքով առաջացած սոցիալ - տնտեսական և բնապահպանական խնդիրներին: Պատկան մարմիններին բազմաթիվ գրություններով հանգամանալից ներկայացվել են բոլոր այն խնդիրները, որոնք հղի են ծանր հետևանքներով: Չնայած բազմաթիվ նախազգուշացումներին, մինչև այսօր որևէ քայլ խնդիրների վերացման ուղղությամբ չի ձեռնարկվել:

«Ախթալա ԼՀԿ» ՓԲԸ-ում առկա խնդիրների վերաբեյալ հերթական ահազանգը հնչեցվել է ս․թ․ փետրվարի 17-ին «Civil Voice» ՀԿ փորձագետների կողմից ՀՀ Լոռու մարզում հերթական ուսումնասիրություններ կատարելիս, երբ Ախթալայի ձորոմ ականատես էին եղել ԼՀԿ-ից Ախթալա գետը թափվող պոչանքների: Արձանագրված փաստը տեսանկարահանվել և ուղիղ հեռարձակմամբ տարածվել էր համացանցում և անմիջապես տեղյակ էր պահվել ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի պետական տեսչությանը: Սակայն դեպքի վերաբերյալ պատկան կառույցներից մեկնաբանություններ չհնչեցին:

 «Ախթալա ԼՀԿ» ՓԲԸ-ի կողմից հանքաքարի հարստացման թափոնները կուտակվում են Նահատակի ձորում գտնվող պոչամբարում, որի արտադրական ծավալները վաղուց սպառվել են: Պոչերը կուտակելու համար լրացուցիչ ծավալներ ստեղծելու նպատակով Ընկերությունը պարբերաբար կատարում է պատվարների ապօրինի բարձրացում, որի շնորհիվ պոչամբարի հայելին ներկայումս զբաղեցնում է շուրջ 40 տոկոսով ավելի մակերես քան նախագծով նախատեսված է:

Պոչամբարի գերլցված լինելու պատճառով ընկերությունն հաճախ գաղտագողի պոչատար խողովակներն ուղղում է ձորերն ու սելավատարերն ու ճանապարհների ջրատար հեղեղատները, ինչին հաճախ ականատես ենք լինում: Իսկ ընկերության ղեկավաությունն ու տեսչական մարմինը համառորեն հերքում են արձանագրված փաստը, տարբեր պատճառաբանություններով փորձելով մեղմել իրավիճակը:

Դեռևս դեկտեմբեր ամսին հերթական ահազանգերի հիման վրա Տեսչական մարմինը հունվարի 16-ից փետրվարի 4-ն ընկած ժամանակահատվածում ստուգումներ է  իրականացրել «Ախթալա ԼՀԿ» ՓԲԸ-ում: Ստուգումների արդյունքում կազմվել է իրավախախտումների վերաբերյալ ակտ, սակայն Նահատակի ձորի պոչամբարի ապօրինի բարձրացման վերաբերյալ ակտում որևէ խոսք չկա: Արդյո՞ք տեսչական մարմինը դրա մասին չգիտի: Կարծում ենք մեկնաբանություններ անելու կարիքը չկա:

Ինչպիսի՞ն է վիճակն այսօր: Ներկա պահին Մեծ Այրում - Ճոճկան միջհամայնքային ճանապարհը գտնվում է պոչամբարի ետնապատվարի մակարդակից առնվազն 10մ ցած, իսկ դրա կայունության աստիճանը գնահատված չէ: Պոչամբարից արտածծված ջրերն արդեն էռոզիայի են ենթարկում ճանապարհի հիմնագրունտը: Եթե օր առաջ խնդրի լուծման ուղղությամբ միջոցներ չձեռնարկվեն ապա ճանապարհը շուտով կհայտնվի ջրի և պոչանքի տակ: Հետևանքների վերացման բեռը կրկին անգամ մնալու է պետության և ժողովրդի վզին: Իսկ պատասխանատուները ձեռքները ծալած լուռ սպասում են մոտալուտ աղետին... 

Civil Voice

Հասարակական ձայնը միասին դարձնենք գործոն