Արագիլների բները տեղադրված են

14 Մար 2018

Արագիլների բները տեղադրված են

Արարատի մարզի Արմաշ գյուղն է.   գարնան հետ հենց այստեղ են գալիս ու բնակվում  արագիլները: Անդավաճան սպիտակ արագիլները կլիմայի փոփոխության, ինչպես նաև ձկնաբուծական տնտեսությունների ստեղծումից հետո  վերջին տարիներին չեն չվում տաք երկրներ:  Այստեղ թռչունները հիմնականում բնադրում են տանիքներին կամ էլեկտրասյուներին:  

Արագիլների բնադրմանը հետևում են նաև գյուղի բնակիչները: Արդեն տարբերում են, թե որ բույնը որ արագիլինն է:

Էլեկտրասյուների վրա հյուսված հարյուրավոր կիլոգրամների հասնող բները երբեմն հրդեհների պատճառ են դառնում: Գյուղացիների համար դա  խնդիր է, բայց առիթ չէ, որ քանդեն թռչունների բները:

Հայաստանում կան մի քանի տոննա կշռող բներ: Դրանք տարեցտարի ծանրանում են ու երկարում, քանի որ արագիլն ամեն տարի նորոգում է իր բույնը: Դա բնազդաբար է արվում. եթե «տունը» նորոգված չլինի, ապա ձվադրման պահանջ չի առաջանա: Այդպես ամեն տարի բույնը նոր շերտով ավելանում է և այդ շերտերով էլ կարելի է հաշվել արագիլի բնի տարիքը:

Թռչունների պաշտպանության օրվան ընդառաջ «Civil Voice»  և  «Թռչնասերների Կենտրոն» հասարակական կազմակերպություններն Արմաշ գյուղում արագիլների համար նախատեսված ապահով բներ տեղադրեցին:

Միջոցառման նպատակն է  ավելացնել արագիլների բնադրավայրերը նշված տարածքում,  հետազոտել ճերմակ արագիլների պոպուլյացիան, ինչպես նաև ապահովել թռչնաբների անվտանգությունը:

Նախաձեռնության հեղինակներն անհրաժեշտ համարեցին բները տեղադրել բնակավայրերին կից, որ մարդիկ կարողանան հետևել դրանց։ Բացի դրանից, կապ պաշտպանելով տեղի բնակչության հետ, ծրագրի շրջանակում  հնարավոր կլինի պարզել նաև այս թռչունների միգրացիայի բնույթը, ձմեռելու տևողությունը, բնադրման վայրերի վերադարձի ժամկետները, ինչպես նաև երիտասարդ արագիլների շրջանում մահացության պատճառները:

Թեև խոչընդոտներով, բայց բնապահպաններին հաջողվեց նախատեսված 8 բնից, 4-ը տեղադրել:

Ի դեպ, նույն մարզում նախորդ նախաձեռնության ժամանակ տեղադրված տասը բներից ութում արագիլներն ընտանիքներ էին կազմել:

Մանրամասները կից տեսանյութում․

Civil Voice

Հասարակական ձայնը միասին դարձնենք գործոն