Հերթական այց Ախթալա

22 Փտր 2018

Հերթական այց Ախթալա

Մինչ բնապահպանական պետական տեսչությունը գրասենյակներում քննում ու զննում է Ախթալայից հրապարակվող տեսանյութերը, Ախթալայում լեռնահարստացման կոմբինատը շարունակում է թունավոր պոչանքներով աղտոտել Դեբեդ գետը: Արձանագրել են Civil Voice հասարակական կազմակերպության  փորձագետները, որոնք պարբերաբար այցելում են և փորձանմուշներ  վերցնում Հայաստանում  բարձ ռիսկային գնահատվող հանքավայրերից:

Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի պոչանքների վրա պարբերաբար կրկնվող վթարները նոր չեն, կրկնվում է նաև բնապահպանության նախարարության արձագանքը՝ տեսչությունը քննում է: Ավելին, այնտեղ որտեղ խնդիրն անզեն աչքով  տեսանելի է, նախարարությունը տեսնում է մեխանիկական մաքրում անցած պարզաջրեր, իսկ վարույթի հարուցման մասին հայտարարությանը այդպես էլ չի  հաջորդում քրեական ու վարչական պատասխանատվության ենթարկվածների մասին հայտարարությունները:

Civil Voice ՀԿ մասնագետները համապատասխան նմուշներ են վերցրել տարածքից, որոնք այժմ լաբորատոր փորձաքննության են ենթարկվում, որից հետո հնարավոր կլինի հստակ նշել, թե տիղմն ու ջրերը որքանով են աղտոտված: Վերջին փորձաքննությունների համաձայն՝ տարածքում արդեն իսկ առկա է 5-րդ կարգի աղտոտվածություն:

Փորձագետները նախորդ տարի ամռանը մասնակցել են  Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի նոր պոչամբարի կառուցման վերաբերյալ hանրային լսմանը: Պոչամբարի  անհրաժեշտություն, թերևս կա, սակայն ընկերության ներկայացրած նախագծի առնչությամբ ևս ռիսկեր կան, այդ թվում  թթվային դրենաժի առաջացման:

Փորձագետներն օնլայն հեռարձակմամբ, իրենց գրառումներով, ինչպես նաև լրատվական կայքերի միջոցով բարձրաձայնել են խնդրի մասին, սակայն ՀՀ բնապահպապանության նախարարությունը այդպես էլ պաշտոնապես չի արձագանքել:

Մանրամասները կից տեսանյութում․

Civil Voice

Հասարակական ձայնը միասին դարձնենք գործոն