Կրկին մասսայական ծառահատում Երևանում

06 Փտր 2018

Կրկին մասսայական ծառահատում Երևանում

Մյասնիկյանի արձանի ետնամասում գտնվող այգու տարածքում հանգստյան օրերին ծառեր են հատվել:

Դեկտեմբերի 26-ի նիստում Երևանի ավագանին քննարկել և հավանություն է տվել Երևան քաղաքի Ա. Մյասնիկյանի արձանի ետնամասում գտնվող այգին բարեկարգելուն։ Պարզվում է, որ բարենորոգման աշխատանքների փոխարեն հատվել են հաստաբուն, առողջ ծառեր, որոնք պարզապես արմատախիլ են արվել։ Յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի անկախ իրեն տրված արտոնություններից պետք է գիտակցի, որ նման մոտեցմամբ մենք պարզապես կործանում ենք Երևան քաղաքի էկոհամակարգը։ Վերջին շրջանում բավականին շատ են գրանցվում նմանատիպ միջադեպերը, ինչը խորին մտահոգություն է առաջացնում: Պետք  չէ անտեսել  այն կարևոր հանգամանքը, որ ծանրաբեռնելով  Երևան քաղաքի երկրակեղևը, մենք ակտիվացնում ենք տեկտոնական պրոցեսները։ Մարդիկ պետք է գիտակցեն, որ երևանյան օդը հագեցած է տրանսպորտային արտանետումներով և մնացյալ չնչին ծառատեսակները պարզապես փրկություն են Երևան քաղաքի համար։ Եվ չնայած այն բանին, որ շինարարական աշխատանքներ իրականացնող ընկերության պատասխանատուն հավաստիացնում է,  թե հատված ծառերի փոխարեն շուրջ 150 ծառ է տնկվելու, ակնհայտ է մեկ բան, Երևանում օրեցօր ավելանում են շինությունները՝ ի հաշիվ կանաչ տարածքների։

Նշենք նաև, որ միջադեպի հետ կապված  “Civil Voice”-ի փորձագետը հայտնել է իր կարծիքը եղելիության մասին Հանրային ռադիոկայանին։ Հարցազրույցի մանրամասները կներկայացվեն շուտով։ 

Civil Voice

Հասարակական ձայնը միասին դարձնենք գործոն