Ծավի բնապահպանական ակումբը վերսկսեց իր աշխատանքները

26 Փտր 2018

Ծավի բնապահպանական ակումբը վերսկսեց իր աշխատանքները

«Civil Voice»-ի Սյունիքի մասնաճյուղը ակտիվ աշխատանքներ է սկսել մարզի երեխաներին և երիտասարդներին բնապահպանական գործունեության մեջ ներգրավման ուղղությամբ։ Մասնավորապես, փետրվարի 23-ին Ծավ գյուղի դպրոցում, «Civil Voice»-ի Սյունիքի մասնաճյուղի կամավորների ջանքերով և համայնքի երեխաների նախաձեռնությամբ իր աշխատանքներն է վերսկսել դպրոցի բնապահպանական ակումբը։

Տարիներ առաջ այն հիմնվել էր «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության կողմից, բայց դադարել էր իր գործունեությունը՝ համապատասխան աջակցության և մասնակցության բացակայության պատճառով։

«Civil Voice»-ի կամավորները առաջին հավաքի ընթացքում ներկայացրեցին երեխաներին կազմակերպության առաքելությունն ու նպատակները, ինչպես նաև «Civil Voice»-ի՝ Սյունիքում իրականացվելիք ծրագրերի ուրվագիծը։ Երեխաներն իրենց հերթին ներկայացրին իրենց կողմից կատարված՝ դպրոցի և դրա տարածքի բարեկարգման աշխատանքները, ակումբի տեղեկատվական և դաստիարակչական գործունեության օրինակներ բերեցին։

Ակումբի անդամների համար «Civil Voice»-ի կամավոր Դ․ Համբարձումյանի կողմից անցկացվեց ինտերակտիվ դասընթաց՝ «Շրջակա միջավայրը և մարդու գործունեության ազդեցությունը դրա վրա․ կառավարում և պաշտպանություն» թեմայով, որից հետո տեղի ունեցավ համայնքի բնապահպանական ռիսկերի վերհանում։

Մասնակիցների ջանքերով դասընթացի ժամանակ ոչ միայն վերհանվեցին համայնքի առկա խնդիրները, այլ նաև առաջարկվեցին լուծման ուղիներ։

Դասընթացի ավարտին մասնակիցները խնդրեցին, որ «Civil Voice»-ը շարունակի ակտիվ աջակցել ակումբին և մասնակցել դրա կողմից կատարվող աշխատանքներին։ Մենք ուրախությամբ և պատրաստակամությամբ համաձայնվեցինք։ 

Civil Voice

Հասարակական ձայնը միասին դարձնենք գործոն